Հարյուր հազարավոր իտալուհիներ փետրվարի 13-ին բողոքի ցույց են անցկացրել վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ, ով կասկածվում է անչափահաս աղջիկների հետ սեռական կապերի մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Ցուցարարները պահանջում էին, որպեսզի կանանց նկատմամբ իր թուլությունը թաքցնել չկարողացող 74-ամյա դիվանագետը հրաժարական տա: Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով` վարչապետի պահվածքը վիրավորում է կանանց արժանապատվությունը:
Բերլուսկոնիի դեմ ուղղված բողոքի ակցիաներ անցել են ինչպես Իտալիայի խոշոր քաղաքներում, այնպես էլ փոքր բնակավայրերում: Իտալուհիներին սատարել են նաև Եվրոպայի այլ երկրների կանայք: Մասնավորապես, Փարիզում մոտ 400 ակտիվիստներ հարվածում էին կաթսաներին և թավաներին` պահանջելով Բերլուսկոնիի հրաժարականը:
Հիշեցնենք, որ Բերլուսկոնին կասկածվում է մարոկուհի Քարիմա էլ-Մարուգի հետ սեռական կապերի մեջ: Աղջիկը պատմել է, որ վարչապետն իրեն փող և թանկարժեք զարդեր էր նվիրում, սակայն հերքել է այն խոսակցությունները, թե, իբր, Բերլուսկոնիի հետ սեռական հարաբերություններ է ունեցել: