Հազարավոր իրանցիներ հավաքվել են մայրաքաղաք Թեհրանի մի քանի հրապարակներում:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր առաջնորդներ Միր Հոսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին կոչ էին արել ժողովրդին փետրվարի 14-ին դուրս գալ հակակառավարական ցույցի` ի պաշտպանություն Եգիպտոսի և Թունիսի բողոքի ակցիաների:
4000-ից ավելի իրանցիներ հավաքվել են Թեհրանի կենտրոնական Ազադի հրապարակում, ևս մի քանի հազար մարդ` Իմամ Հուսեյնի հրապարակում: Նրանք հնչեցնում են «Վերջ բռնապետությանը» կարգախոսը:
Ականատեսների վկայությամբ` հազարավոր ոստիկաններ վերահսկում են իրավիճակը: Նրանք արգելափակել են մետրոյի կայարանների մուտքերը, ինչպես նաև դեպի կալանքի տակ գտնվող ընդդիմադիր առաջնորդ Մուսավիի տուն տանող ճանապարհը: Մուսավիի հետ բջջային և քաղաքային կապը ընդհատվել է:
Մեկ այլ ականատեսի հաղորդմամբ` արդեն բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Վերջիններս արցունքաբեր գազ և ռետինե մահակներ են օգտագործում` ընդվզումները կանխելու նպատակով, սակայն ժողովրդի հոսքը դեպի կենտրոնական հրապարակներ շարունակվում է, հաղորդում է irannewsnow.com-ը:
Որոշ տվյալներով` այս պահին ձերբակալվել է 10 մարդ:
Իրանական բլոգերները գրում են նաև, որ համացանցում կառավարության կողմնակիցների և ընդդիմադիրների միջև կիբերպատերազմ է սկսվել: