Նիստերի դահլիճը լքելուց հետո Նիկոլ Փաշինյանը մոտ 2,5 ժամ գտնվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ընդունարանում: Վերադառնալով դահլիճ` նա հայտարարել է, որ այդ ամբողջ ընտացքում ՔԿՀ-ի ղեկավարությունը խորհրդակցություններ էր անցկացնում, որ «հանրապետության ավազակապետական իշխանությունը որոշի` որ նամակները դուս բերել, որոնք` ոչ»:
Դատավոր Եվա Դարբինյանի հարցին, թե ինչու Փաշինյանին թույլ չեն տալիս խցից բերել բոլոր փաստաթղթերը, «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Աղասի Խաչատրյանն ասել է, որ դրանցից ոչ բոլորն են վերաբերում գործին:
14:10. Փաշինյանի գործով դատական նիստում ընդմիջումը շարունակվում է: Այս պահին դատավոր Եվա Դարբինյանին և Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանին հրավիրել են «Արթիկ» ՔԿՀ-ի պետի մոտ:
13:40. Նիկոլ Փաշինյանը դեռ չի վերադարձել դահլիճ. նրան թույլ չեն տալիս խցից բերել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Դատական նիստն այս պահին ընդմիջված է:
13:10. Քիչ առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննարկումը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը պահանջել էր բեկանել 2010-ի նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի կայացրած որոշումը: Վերջինս հրաժարվել էր անվավեր ճանաչել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի` 2010-ի մայիսի 25-ի հայտնի որոշումը, որով վերջինս, հաշվարկելով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը, շուրջ 5 ամսով ավելացրել էր այն` սահմանելով 3 տարի 10 ամիս 29 օր:
Այսօրվա նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը միջնորդություն ներկայացրեց դատավոր Եվա Դարբինյանին` նշելով, որ իրեն թույլ չեն տվել նիստին ներկայանալ համապատասխան փաստաթղթերով, որոնք մնացել են իր խցում:
«Դատավարության կողմերն ունեն հավասար իրավունքներ: Ինչո՞ւ դատախազության ներկայացուցչի թղթերը չեն վերցրել ներս մտնելուց», – ասել է Փաշինյանը:
«Ես ոչ ձեր գերին եմ, ոչ քրեակատարողական հիմնարկի, ոչ էլ, առավել ևս, Սերժ Սարգսյանի», – միջնորդություն ներկայացնելիս ասել է նա:
Դատավորը բավարարել է միջնորդությունը, որից հետո Փաշինյանն ուղևորվեց խուց` փաստաթղթերի հետևից:
Նշենք, որ այսօրվա նիստին մասնակցում են նախկին քաղբանտարկյալներ Պետրոս Մակեյանն ու Դավիթ Մաթևոսյանը, «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ փետրվարի 1-ին նշանակված նախորդ դատական նիստը տեղի չէր ունեցել, քանի որ վատ եղանակի պատճառով դատավորը և կողմերը չէին կարողացել հասնել «Արթիկ» ՔԿՀ: