Հանրահայտ շախմատիստ և ռուսաստանյան ընդդիմության ներկայացուցիչ Գարրի Կասպարովը, ով ներկայումս գտնվում է Վրաստանում, մասնակցել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հեռարձակվող «Ով է ուզում 20000» («Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ խաղի անալոգային տարբերակն է) խաղին: Կասպարովը դարձել է Վրաստանում խաղի պատմության ընթացքում առաջին մասնակիցը, ում հաջողվել է պատասխանել բոլոր 15 հարցերին:
Խաղի արդյունքում Կասպարովը 20 հազար լարի է վաստակել (ավելի քան 11 հազար դոլար): Նա մտադիր է գումարը ծախսել բարեգործական նպատակով: Մասնավորապես, գումարը կօգտագործվի երկու հիվանդ երեխաների բուժման համար, որոնց սրտի վիրահատություն է սպասվում:
Նշենք, որ Կասպարովին հաջողվել է պատասխանել վերջին` 15-րդ հարցին իր կնոջ օգնությամբ:
«Հուսով եմ, այս գումարը կօգնի երեխաներին, այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ օրս զուր չի անցել»,- ասել է Կասպարովը նկարահանումներից հետո, միաժամանակ խոստովանելով, որ անհանգստանում էր, քանի որ «մեծ պատասխանատվություն էր զգում»:
Նշենք, որ շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը Թբիլիսիում 5 օր կանցկացնի: Այդ ժամանակահատվածում նա մտադիր է մի քանի դասախոսություններ կարդալ վրացի ուսանողների համար, և հանդիպել Վրաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: