Բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքողներն այսօր իրենց հերթական ակցիան անցկացրել են Կառավարության շենքի մոտ` վանկարկելով «Պատասխան», սակայն, չստանալով որևէ արձագանք կառավարության աշխատակիցների կողմից, որոնք դուրս չեն եկել բողոքավորների մոտ, շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ` բողոքն այնտեղ շարունակելու:
Հիշեցնենք, որ երեկ բողոքավորները, որոնք արդեն ավելի քան մեկ ամիս պայքարում են բացօթյա առևտուրն արգելելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշման դեմ, արգելափակել էին «Երևան Սիթի» և «ՍԱՍ» սուպերմարկետները:
Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա, մասնավորապես, գրված էր, «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Մենք ամեն գնով վերանվաճելու ենք մեր իրավունքները», «Լֆիկ Սամո+Դոդի Գագո+Նեմեց Ռուբո+իշխանություն=մաֆիա»: Այսօր պաստառներին ավելացել են ևս մի քանիսը:
Կառավարության շենքի մոտ բողոքողներին մոտեցել է ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը և սկսել է զրուցել նրանց հետ: Այնտեղից բողոքավորները շարժվել են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ վանկարկում էին «Օգնություն»:
Բողոքավորների մոտ դուրս է եկել ՄԱԿ-ի գրասենյակի անվտանգության աշխատակիցը, ով տեղեկացել է հավաքվածների բողոքի պահանջի մասին: Մոտ տասը րոպե առաջ նույն աշխատակիցը տեղեկացրել է մարդկանց, որ հավաքվածները կարող են սպասել մինչ գրասենյակի աշխատակիցները կապ հաստատեն ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ, և պարզ կդառնա, թե ով կարող է ընդունել բողոքավորների ներկայացուցիչներին:
Բողոքի ակցիայի մասնակիցները այս պահին սպասում են ՄԱԿ-ի շենքի մոտ: