Home / Հայաստան / Հայաստանում որոշել են ձևավորել Կանանց հարցերով խորհրդակցական խումբ

Հայաստանում որոշել են ձևավորել Կանանց հարցերով խորհրդակցական խումբ

Փետրվարի 16-ին, ժամը 16:00-ին ԵՊՀ գրադարանի նախասրահում տեղի կունենա «Կին քաղաքական գործիչներից կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսը, որի ընթացքում ելույթ կունենան Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Քաղաքական դաշտում կանանց ներգրավվածությունը կարևորելու և ընդլայնելու նպատակով Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան ֆինանսավորմամբ 2008 թվականին նախաձեռնել է Wo/Men in Politics երկամյա ծրագիրը: Հինգ խորհրդարանական և հինգ արտախորհրդարանական կուսակցությունների 20 կին ներկայացուցիչ մասնակցել են հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների և մի շարք փորձի փոխանակման ծրագրերի արտերկրում: Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի խորհրդարաններ այցելության ընթացքում ծրագրի մասնակիցները ծանոթացել են Միացյալ Թագավորության կառավարման համակարգին, հավասար հնարավորությունների քաղաքականությանը և ուսումնասիրել են գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերը:

Wo/Men in Politics ծրագրի արդյունքում Հայաստանում որոշվել է ձևավորել Կանանց հարցերով խորհրդակցական խումբ: Այս խմբի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի Ազգային ժողովում տարածել հավասար հնարավորությունների քաղաքականությունը և ապահովել կնոջ ակտիվությունը խորհրդարանում:

Շնորհանդեսին ներկայացվող ուսումնական ձեռնարկն ուղղված է քաղաքականության ասպարեզում սկսնակ կին գործիչների հմտությունների բարձրացմանը: Գրքում զետեղված տեղեկատվությունն ու խորհուրդները ներառում են Մեծ Բրիտանիայի և Հայաստանի փորձը:

Բրիտանական խորհուրդը ձեռնարկը տրամադրելու է հանրապետության համալսարաններին և գրադարաններին: