Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ շենքի առջև հավաքվել էին ցուցարարների տարբեր խմբեր` բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքողները, բանակում սպանված զինվորների հարազատները, տոնավաճառների աշխատակիցները և Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները:
Կառավարության շենքի մոտ էին նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննսիյանը և նույն կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, ինչպես նաև մի քանի տասնյակ ոստիկաններ:
Առևտրականները տեսնելով բանակում զոհված զինվորների հարազատներին, ովքեր իրենց որդիների նկարներով կանգնած էին Կառավարության շենքի դիմաց, սկսեցին զրուցել նրանց հետ:
«Բա սրանք մարդ են, էս ինչ են արել, մենք էլ ենք մայր, բա որ վաղը մեր էրեխեքի հետ էս ձևով վարվեն: Հերիք եղավ, մեր ջահելներին են սպանում, էս հո իշխանություն չի, խուլիգանների հավաքածու ա»,- բղավում էին կանայք:
«Ոնց պիտի լինի մեր վիճակը, կոտրված մոր վիճակը, ու որդուն դաժանաբար սպանել են: Ես էստեղ եմ, որ ուրիշ զինվորի չսպանեն, իմ տղային ես այլևս չեմ կարող հետ բերել, գոնե էս մեր պայքարով սթափվեն դրանք, ու էլ մեր որդիներին չսպանեն», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Նշենք, որ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանը զոհվել է հունիսի 27-ին Տավուշի մարզի թիվ 21177 զորամասում: Նախնական վարկածի համաձայն` Նազարյանը ինքնասպանություն էր գործել:
Տոնավաճառների աշխատակիցներն էլ մեզ հետ զրույցում բողոքում էին, որ իրենց թիվը քիչ է. նրանց կարծիքով` պետք է բոլորը դուրս գան փողոց:
«Տեսնում եք Եգիպտոսի ժողովուրդն ինչ ա անում, դուրս եկան փողոց ու իշխանափոխություն արեցին: Մեր ժողովուրդը մինչև սպայկա չլինի, ոչ մի բանի չի հասնի»,- ասում էին առևտրականները:
«Ի՞նչ արեցին որ Եգիպտոսում. 7 միլիոն ժողովրդից (Եգիպտոսի բնակչությունը 80 միլիոն է – Epress.am) 1 միլիոնը դուրս եկավ, բայց հաղթեցին, որովհետև Ամերիկան էր ուզում: Ստեղ ռուսը չի թողնում, դրել ա ու սխմում ա: Բայց քիչ մնաց, սենց հո չի շարունակվելու»,- ասում էր մեկ այլ առևտրական:
Իրենց տներից զրկված Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն էլ բողոքում էին իրենց նկատմամբ իրականացված ապօրինությունների դեմ:
«Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյան հանցագործները պիտի զրկվեին իրենց տներից, ավազակներ: Իջի, այ վարչապետ, ինչի չես իջնում, իջի տես ինչ վիճակում ենք», – բղավում էին նրանք:
Բացօթյա առևտուր իրականացնողները Epress.am-ին հայտնել են, որ իրենց հաջորդ ակցիան լինելու է վաղը:
«Մենք վաղը հավաքվելու ենք ու գնանք հանրահավաքի, ժամը հինգին գնում ենք հանրահավաքի»,- ասել են առևտրականները:
Հիշեցնենք, որ վաղը, ժամը` 17:00-ին, Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է հրավիրել Մատենադարանի հարակից տարածքում: