Home / Հայաստան / Բահրեյնի ցույցերի ընթացքում 2 մարդ է զոհվել

Բահրեյնի ցույցերի ընթացքում 2 մարդ է զոհվել

Բահրեյնի ոստիկանությունն այսօր առավոտյան հարձակում է գործել հակակառավարական բողոքի ակցիայի մասնակիցների վրա, ովքեր արդեն մի քանի օր է գրավել են երկրի մայրաքաղաք Մանամայի կենտրոնական «Մարգարտյա» հրապարակը` կառավարության գործողությունների նկատմամբ իրենց բողոքն արտահայտելու համար:

Ուժայինների կողմից արցունքաբեր գազի կիրառման արդյունքում 2 մարդ մահացել են, մի քանի տասնյակ մարդ` վիրավորվել:

Ազգային համաձայնության մահմեդական «Ալ-Ֆիվակ» ընդդիմադիր խմբավորման ներկայացուցիչների խոսքերով` վնասվածքներ են ստացել մոտ 50 մարդ, որոնցից 10-ը ծանր վիճակում են գտնվում:

Ոստիկանների հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները քնած են եղել վրաններում: Ներկայումս անվտանգության աշխատակիցները փորձում են մաքրել հրապարակը ցուցարարներից և արգելափակել դեպի հրապարակ տանող ճանապարհները:

Ընդդիմադիրների ցույցերը սկսվել են երկուշաբթի` փետրվարի 14-ին: Ցույցի մասնակիցները հայտարարում են, որ չեն պատրաստվում գահընկեց անել գործող թագավոր Համադ բեն Իսու Ալ Խալիֆին: Ցուցարարների խոսքով` իրենք պահանջում են վարչապետ շեյխ Խալիֆ բեն Սալման Ալ Խալիֆի հրաժարականը` մեղադրելով նրա ղեկավարած կառավարությանը կոռուպցիայի մեջ:

Ցուցարարները պահանջում են նաև իշխանություններից ընդդիմադիր առաջնորդների մասնակցությամբ կառավարություն ստեղծել, ապահովել իրենց բնակարաններով և նոր աշխատատեղեր տրամադրել: