Գիշերային ակումբում ծեծի ենթարկված Բուլղարիայի Վառնա քաղաքի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը Էջմիածնի հրավերով արդեն գտնվում է Հայաստանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մամուլի դիվանի խոսնակ Վահրամ Մելիքյանը:
Նրա խոսքով` հանդիպման օրը դեռ նշանակված չէ:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հուլիսի 31-ի գիշերը տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանը հարձակման էր ենթարկվել հայտնի Զլատի պյասցի հանգստավայրի «Արոգանս» գիշերային ակումբում: Զուգարան գնալու ճանապարհին նրա վրա մի քանի մարդ էր հարձակվել և հարվածներ հասցրել գլխին: Վնասվել էր քահանայի աջ աչքը: Տեղի հիվանդանոցներից մեկում նրան շտապ վիրահատել էին, երկար ժամանակ վտանգ կար, որ եկեղեցականը կարող էր կույր մնալ:
Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցում քահանան ասել էր, որ ինքը Ռուսաստանից եկած ընկերոջ հետ էր այցելել ակումբ, որտեղ իրենք ընդամենը «2 հատ հիսուն վիսկի էին խմել»:
Բուլղարիայի հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ տեր Սարգիսը ներգրավված է նաև թմրանյութերի բիզնեսի մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեր Վահրամը փոխանցել էր Epress.am-ին, որ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրել է զրույցի, սակայն վերջինս չի ներկայացել, քանի որ ապաքինման մեջ է:
Միևնույն ժամանակ, Բուլղարիայի հայ համայնքի ներկայացուցիչը Epress.am-ին հայտնել էր, որ տեր Սարգիսը «գերազանց առողջության մեջ է»:
Բուլղարահայերի շրջանում նաև խոսակցություններ կան, որ ամուսնալուծվելուց հետո նա բնակվում է իր ընկերուհու հետ, և հայերը չեն ցանկանում, որպեսզի այդ քահանան իրենց քարոզի: