Home / Հայաստան / Փաշինյանի իրավունքները բանտում կոպտորեն խախտվում են. հաշվետվություն

Փաշինյանի իրավունքները բանտում կոպտորեն խախտվում են. հաշվետվություն

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Արթուր Սաքունցը և խմբի անդամ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողներին ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարին ուղղված հրատապ հաշվետվությունը:

Այս հաշվետվությունը նվիրված է «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի արտաքին աշխարհի հետ շփման, նամակագրության  և ՔԿՀ վարչակազմի միջոցով դիմումների ներկայացման իրավունքի իրացմանը:

Նիկոլ Փաշինյանի նամակագրության և դիմումների հետ կապված  խնդիրներն ուսումնասիրելուց հետո դիտորդական խմբի անդմաները եկել է այն եզրակացության, որ նրա վերոնշյալ իրավունքները կոպտորեն խախտվում են:

Հաշվետվության մեջ նշված են բազմաթիվ օրինակներ, թե ինչ հիմնավորմամբ Նիկոլ  Փաշինյանի նամակները տեղ չեն հասնում: Դիտորդական խումբն արձանագրել է, որ Փաշինյանի նամակները հրաժարվում են գրանցել համապատասխան գրանցամատյանում, որից հետո «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը պարզաբանում է, որ Փաշինյանը իրենց որևէ նամակ չի հանձնել, որ իրենք էլ ուղարկեն հասցեատիրոջը:

Սաքունցի խոսքով` Փաշինյանի միայն այն նամակներն են տեղ հասնում, որոնք գրանցվում են դիտորդական խմբի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

Սակայն Սաքունցը վստահեցրել է, որ Փաշինյանի` իրեն ուղղված վերջին նամակը նույնպես թույլ չեն տվել ուղարկել:

Հրատապ հաշվետվության տեքստի մեջ նշված է, որ խմբի անդամները Արդարադատության նախարարից ակնկալում են իրենց խմբի կարգով սահմանված եռօրյա ժամկետում պատասխան ստանալ:

Սաքունցի խոսքով` դա, սակայն, տեղի չի ունեցել, այդ իսկ պատճառով իրենք մամուլի ասուլիս են հրավիրել այդ խնդրին անդրադառնալու համար: