Հայ ազգային կոնգրեսի փետրվարի 18-ի հանրահավաքի իր ելույթի վերջին հատվածում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսել է «Հայաստանի ներկա իրավիճակը բնութագրող սոցիալական բողոքի և քաղաքացիական ակտիվության դրսևորումների» մասին:
Տեր-Պետրոսյանի խոսքով` բողոքի առիթը մանր գործարարության և անապահով սոցիալական խավերի դեմ իշխանությունների ձեռնարկած հերթական ոտնձգություններն են։
«Խոսքը վերաբերում է Երևանի փողոցներում բացօթյա առևտրի արգելմանը, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների կրկնակի բարձրացմանը, սոցիալական կենսաթոշակներ բաժանող տեսուչների ինստիտուտի վերացմանը, ավտոմեքենաների պարտադիր ապահովագրմանը և Հայաստանի տարածքում վրացական համարանիշներով մեքենաների երթևեկության սահմանափակմանը։ Հասկանալի է, որ այդ միջոցառումների արդյունքում տասնյակ հազարավոր ընտանիքներ զրկվելու են եկամտի աղբյուրից և ստիպված բռնելու արտագաղթի ճամփան, իսկ մյուս կողմից՝ կրկին շահելու են մոնոպոլիաները և էլ ավելի աճելու են լայն սպառման ապրանքների գները։ Ուստի միանգամայն բնական է երկրով մեկ ծավալված բողոքի ու դժգոհության այն տպավորիչ ալիքը, որը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն մեծացրել է արդեն վաղուց ի վեր Հայաստանում գոյություն ունեցող սոցիալական լարվածությունը», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Նա նշել է, որ բողոքի նմանատիպ ցույցեր տեղի են ունեցել նաև անցյալում՝ կապված, մասնավորապես, Բուզանդի փողոցի բնակիչների տեղահանման, պարզեցված հարկի մասին օրենքի փոփոխության, տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման, ոսկու շուկայում ծագած խնդիրների, տաքսու վարորդների իրավունքների ոտնահարման հետ և այլն։
«Ցավոք, պետք է նշել, սակայն, որ սոցիալական դժգոհության բոլոր այդ արտահայտություններն էլ եղել են տարերային, իրարից անջատ՝ չհանգեցնելով աշխատավորների համերաշխության լուրջ դրսևորումների, մասնավորապես, արհեստակցական միությունների ձևավորման։ Ինչևէ, սոցիալական շարժման նշված թուլությունները հմտորեն օգտագործելու շնորհիվ, իշխանություններին հաջողվել է՝ մերթ չնչին զիջումների, մերթ բողոքավորների մի մասի պահանջները բավարարելու, մերթ էլ ակտիվիստներից ոմանց ահաբեկելու միջոցով առանձին-առանձին մարել դժգոհությունների մինչ այժմ ծագած գրեթե բոլոր ալիքները։ Դրանով հանդերձ, ամենևին չպետք է թերագնահատել, թեկուզ առայժմ անարդյունավետ թվացող, թեկուզ տարերային, թեկուզ մասնատված բողոքի այդ ալիքների արժեքը։ Դա քաղաքացիական հասարակության ձևավորման այն անհրաժեշտ դպրոցն է, որը կամա թե ակամա հարկադրված է անցնել ցանկացած ժողովուրդ։ Դրանց շնորհիվ է, որ երկրի քաղաքական կյանքին աստիճանաբար մասնակից են դառնում հասարակության նորանոր շերտեր։ Այնպես որ, չպետք է հուսալքվել ու կարծել, որ եթե իշխանություններին մինչ այժմ հաջողվել է այս կամ այն կերպ չեզոքացնել ժողովրդի սոցիալական դժգոհությունների արտահայտությունները, այսուհետև էլ դա նրանց կհաջողվի։ Նույնիսկ այսօր էլ իշխանություններն ամենազոր ու ամենակարող չեն, ինչի ապացույցն է այն, որ նրանք, հասարակական կարծիքի ճնշման տակ, բազմիցս ստիպված են եղել փոխել իրենց մտադրությունները և ընդառաջել ժողովրդի տարբեր խավերի, մամուլի, իրավապաշտպան կազմակերպությունների պահանջներին։ Հիշենք, թեկուզ, պարզեցված հարկի մասին օրենքի վերացումից հրաժարվելու, Խալաֆյանի, սադիստ սպայի, մանկապիղծ ուսուցչի գործերը կոծկել չկարողանալու, «Կինո Մոսկվայի» ամառային դահլիճի քանդման որոշումը կասեցնելու փաստերը։ Սրանք արտաքուստ մանր հաջողություններ կարող են թվալ, բայց ներքուստ քաղաքացիական հասարակության հասունացման հսկայական լիցք են պարունակում», – ասել է Տեր-Պետրոսյան։
Նա ասել է, որ այսօր նկատվող բողոքի ալիքների դրսևորումները ավելի հուժկու և վճռական են թվում` նկատի ունենալով բացօթյա առևտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման և վրացական համարանիշներով մեքենաների խնդրի հետ կապված ցույցերը։
«Դա բացատրվում է նախ՝ նրանով, որ նշված չարաբաստիկ միջոցառումներն անհամեմատ ավելի շատ մարդկանց շահեր են շոշափում, և երկրորդ՝ այն հանգամանքով, որ երկիրն այսօր գտնվում է սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակում, քան երկու-երեք տարի առաջ։ Դրանով հանդերձ, այս ցույցերի հաջողությունն, ինչպես անցյալում, կախված է նրանից, թե դրանց կազմակերպիչները որքանով են պատրաստ դուրս գալ սոցիալական պահանջների նեղ շրջանակից և քաղաքականացնել խնդիրը՝ գիտակցելով, վերջապես, որ քանի դեռ ներկա իշխանություններն ասպարեզից չեն հեռացել, Հայաստանում ոչ մի դրական փոփոխություն չի կարող տեղի ունենալ։ Ընդհակառակը, վիճակը գնալով ավելի վատթարանալու է, որովհետև վարչախումբը ժողովրդի իսպառ թշվառացման գնով անվերջ հարստանալու իր գիշատիչ քաղաքականությունից հրաժարվելու որևէ մտադրություն չունի։ Այսպես շարունակվելու դեպքում, մանր ու միջին գործարարության դասը, որպես այդպիսին, պարզապես վերանալու է, և երկրի ողջ հարստությունը հայտնվելու է ավազակաբարո բարձրագույն պետական պաշտոնյաների ու մի քանի տասնյակ մոնոպոլիստների ձեռքում, ինչի անխուսափելի հետևանքն է լինելու Հայաստանի ու Ղարաբաղի լիակատար մարդաթափումը։ Հայ Ազգային Կոնգրեսն ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ պատրաստ է թե՛ իրավական, թե՛ խորհրդատվական, եւ թե՛ կազմակերպական աջակցություն ցուցաբերել արդարացի պահանջների վրա հիմնված քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, և կախված դրանց պատասխանատուների դրական արձագանքից, անմիջապես լծվել այդ գործին», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Ընդդիմության առաջնորդն ասել է, որ ինքն ամենևին էլ չի կասկածում, որ «համաժողովրդական խաղաղ ցույցերի միջոցով ատելի բռնապետական ռեժիմներից ազատվելու՝ Ղրղզստանում, Թունիսում, Եգիպտոսում, Ալժիրում, Յեմենում և այլուր սկիզբ առած ու ներկայումս ընթացող շքահանդեսը վաղ թե ուշ հասնելու է նաև մեզ, որովհետև մեր ժողովրդի վիճակն ավելի բարվոք չէ, քան այդ երկրների ժողովուրդների վիճակը, իսկ Հայաստանի վարչախումբն էլ պակաս բռնապետական ու ատելի չէ, քան այդ երկրների վարչախմբերը»։
Եզրափակելով իր ելույթը` Տեր-Պետրոսյանը նշել է, որ թեև Հայ Ազգային Կոնգրեսին միշտ էլ կաշկանդել ու լուրջ մտավախություն է պատճառել Հայաստանի ներքին ցնցումների պարագայում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգը, բայց հուսահատության եզրին հասցված ժողովուրդն, այլևս կորցնելու բան չունենալով, մի օր կարող է, կոպիտ ասած, թքել թե՛ Կոնգրեսի կարծիքի, և թե՛ նույնիսկ Ղարաբաղի վրա։
«Իշխանությունները չեն կարող անվերջ շահարկել Ղարաբաղի հարցը, և Հայաստանի ներքին խնդիրների լուծումը հավերժ ստորադասել դրան։ Չպետք է անտեսել նաև այն էական հանգամանքը, որ Կիրգիզստանի, Թունիսի և Եգիպտոսի իրադարձությունները ոչ թե հրահրված կամ կազմակերպված էին ընդդիմադիր ուժերի կողմից, այլ հետևանք էին տարերային սոցիալական դժգոհությունների, որոնք կարճ ժամանակի ընթացքում վերածվեցին անկասելի քաղաքական ըմբոստության։ Եթե իշխանությունները ճիշտ եզրակացություններ չանեն այդ ուսանելի իրադարձություններից, ապա վաղ թե ուշ նույնը տեղի է ունենալու նաև Հայաստանում, ինչի ողջ պատասխանատվությունն ընկնելու է Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ավազակապետական վարչախմբի վրա։ Անցանկալի զարգացումներից խուսափելու միակ միջոցն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, որոնք արդեն, քաղաքական անհրաժեշտությունից առավել, վերածվել են ազգի ու պետության գոյության խնդրի։ Իրավիճակն արմատապես վերափոխելուն ուղղված կոնկրետ գործեր ձեռնարկելու փոխարեն, վարչախումբն իրեն հանգստացնում է «Հայաստանում սոցիալական բունտ չի լինի» հանգերգով։ Սակայն, ի դժբախտություն այդպես կարծողների, սոցիալական բունտ կոչվածն, ինչպես ասում են, գեշ խասյաթ ունի. այն տեսանելի է դառնում միայն տեղի ունենալուց հետո։ Սոցիալական պայթյունի օրն, ըստ այդմ, նույնքան ծածուկ ու անակնկալ է, որքան ահեղ դատաստանի օրը, իսկ Սերժ Սարգսյանի մուբարաքացումն ընդամենը ժամանակի հարց է», – ասել է Տեր-Պետրոսյանը։