Այսօր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կայացավ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննարկումը: Դատավոր Եվա Դարբինյանը որոշում ընդունեց մերժել այն:
Հիշեցնենք, որ Փաշինյանը պահանջել էր բեկանել 2010-ի նոյեմբերի 19-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի կայացրած որոշումը: Վերջինս հրաժարվել էր անվավեր ճանաչել «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանի` 2010-ի մայիսի 25-ի հայտնի որոշումը, որով վերջինս, հաշվարկելով Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ժամկետը, շուրջ 5 ամսով ավելացրել էր այն` սահմանելով 3 տարի 10 ամիս 29 օր:
Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, ներկայացնելով որոշման հետ կապված իր հիմնավորումները, հայտարարել է, որ մերժման որոշումն ակնհայտ էր: Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի` կալանքի տակ գտնվելը կրկնակի օգտագործվում է իր դեմ:
Փաշինյանը, իր հերթին, հայտարարել է, որ ՀՀ-ում դատարան, որպես այդպիսին, գոյություն չունի, քանի որ դատարանները մարդու իրավունքների ոտնահարման օղակի մասն են կազմում: