Տնտեսության, ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում իրավիճակը անորոշ է և բարդ: Այս մասին civilitas.am կայքում հրապարակված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի ներկայիս իրավիճակին` ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանը:
«Առավել տեսանելի են տնտեսության խնդիրները, որովհետև դրանց մենք առնչվում ենք ամեն օր, անկախ մեր նյութական վիճակից: Վիճակագրությունը նույնպես հաստատում է այդ զգացումը: Աղքատությունն ավելանում է, գործազրկությունը նույնպես, արտաքին պարտքը եռապատկվել է, եռապատկվել է բյուջեի դեֆիցիտը: Նվազել է բնակչության կենսամակարդակը: 2009-ի ՀՆԱ-ի 15 տոկոսի անկումը մեծ հարված էր տնտեսությանը: Մենք կարծես դեռ չգիտենք ինչպես հաղթահարենք այն: Լավագույն դեպքում, եթե 2010 թ. 2,4 տոկոսի աճը կրկնապատկվի և այն կրկնապատկվի նաև հաջորդ տարի, 2013 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին իրական ՀՆԱ-ն ավելի ցածր կլինի, քան 2008 թվականին էր: Սա մտահոգությունների լուրջ տեղիք է տալիս, եթե նույնիսկ կա իրավիճակը շտկելու ծրագիր: Բայց նման ծրագիր չկա», – ասել է Օսկանյանը:
Նա նշել է, որ նույնը իրավիճակը տիրում է նաև ներքաղաքական ոլորտում:
«Ազատությունները էլ ավելի են սահմանափակվում: Խաթարված է ազատ հավաքների իրավունքը: Մենք ամեն օր ականատես ենք լինում դրան այստեղ` Սիվիլիթասի գրասենյակում («Սիվիլիթաս» հիմնադրամի գրասենյակը գտնվում է Հյուսիսային պողոտայում` Nord բիզնես կենտրոնի շենքում- Epress.am): Օպերայի շրջակայքում արտոնում են աղմկոտ ամենատարբեր երաժշտական միջոցառումներ, բացառապես որպեսզի այնտեղ հանրահավաքներ անցկացնելու հնարավորություն չլինի: Հեռուստատեսությունը վերահսկվում է: Մարդիկ շարունակում են անազատության մեջ մնալ քաղաքական պատճառներով», – ասել է Վարդան Օսկանյանը:
Նշենք, որ Վարդան Օսկանյանը նշանակվել է ՀՀ արտգործնախարար 1998 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից և այդ պաշտոնում աշխատել է տասը տարի` հեռանալով համակարգից 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ նախագահ դարձավ Սերժ Սարգսյանը: Նույն` 2008 թվականին Վարդան Օսկանյանը հիմնել է «Սիվիլիթաս» հիմնադրամը: