Հասարակությունը որոշակի խմորումների մեջ է, և կան ինչ-որ գործընթացների արդյունքներ, որոնք, գուցե, առաջին հայացքից չեն երևում, բայց իրականում դրանք կան: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
«Օրինակ, եթե մի երեք տարի առաջ նույն ձևով ընդդիմադիր դաշտում հայտնված լիներ Տիգրան Կարապետյանը, ես կարծում եմ, որ նրան կհաջողվեր բավական լուրջ շարժում արձանագրել», – նկատել է բանախոսը` հավելելով, որ իր այս խոսքերը պայմանավորված չեն Հայ ազգային կոնգրեսի և Լևոն Տեր-Պետրոսյանի գոյությամբ:
«Չեմ գերագնահատում իրենց, և այդ գերագնահատման արդյունքում չէ, որ համարում եմ, որ չստացվեց Տիգրան Կարապաետյանի շարժումը, այլ համարում եմ, որ էս տարիների ընթացքում որոշակի առաջընթաց է ապրել հասարակական միտքը, և այսօր, հիմար բաներ ասելով, հասարակությանը չես կարող տանել քո ետևից»:
Նրա կարծիքով` մարզերում խոսելով ջրի համար չվճարելու անհրաժեշտության մասին, քանի որ «ջուրն Աստծունն է», հայտնվում ես ծաղրածուի վիճակում: «Այսօր ժողովուրդը հասկանում է, որ տենց չի, և ժողովրդի էդ բանը հասկանալը նաև այն պատճառով է, որ Հայ ազգային կոնգրեսը չի վարել պոպուլիստական քաղաքականություն»:
«Ես ընդդիմությանը չեմ ուզում բան ասեմ, որովհետև շատ են նեղանում», – նկատել է ասուլիսի մեկ այլ մասնակից` վերլուծաբան Արծրուն Պեպանյանն: «Ինձ թվում է, ընդդիմությունը կարող է շուտով ինքնասպան լինել քո ասածներից», – կատակով հակադարձել է Պասկևիչյանը:
Ըստ Պեպանյանի` եթե իշխանությունը փոխելու ցանկություն կա, պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում իշխանությունը և ինչ է նշանակում իշխանության համար իր իսկ փոխվելը: «Երբ մենք խորը անալիզ ենք անում, հասկանում ենք, որ թե’ ընտրությունն արդար, թե’ իշխանափոխությունը բավական մարդկանց թվով ֆիզիկական, տնտեսական, բարոյական մահ է: Եվ ընդդիմությունը չի էլ թաքցնում, ցուցակ են միշտ կարդում` որ մենք եկանք, այս մարդիկ էսպես կլինեն»:
Վերլուծաբանի հավաստմամբ` անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի են այդ մարդիկ ձգտում պահել իրենց միլիոնները: Պեպանյանը նշել է, որ շատ վատ կլինի, եթե Հայաստանն ընդդիմություն չունենար, սակայն, ըստ նրա, ընդդիմությունը պետք է հաշվարկի.
«Իմ դեմ այս ուժն է, այս հզորությունն ունի, այսքան ավտոմատ, որպեսզի ես կարողանամ իրեն տապալել ես պետք է ունենամ այսքան մարդ` այսքան կամային հատկանիշներով, որ դուրս գամ էդ մեծ պատերազմի: Եթե ընդդիմությունն այս ամենն ունենար, նա կհաղթեր», կարծիք է հայտնել վերլուծաբանը: