Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը թույլ չի տվել քաղաքում կանգնեցնել հայ ազգային ազատագրական շարժման մասնակից Անդրանիկ Օզանյանի հուշարձանը: Այս մասին քաղաքապետը հայտարարել է ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:
Հուշարձանը ենթադրվում էր տեղադրել Լազարևսկ շրջանի Վոլկովո ավանում: Արձանի հեղինակն է Մարատ Մինասյանը: Վերջինս հուշարձանի վրա աշխատել է մոտ 4 տարի: Սոչիում հուշարձանի տեղադրման գաղափարը պատկանում է Լազարևսկ շրջանի հայ համայնքին, որի ներկայացուցիչներն այն մարդկանց սերունդներն են, ում հաջողվել է փախչել Ցեղասպանությունից:
Օզանյանի հուշարձանի վրա տարվող աշխատանքներն ընթանում էին հասարակական նվիրատվությունների շնորհիվ: Դրամահավաքին, բացի հայերից, մասնակցություն են ունեցել նաև տեղի կազակները, ում նախնիները կռվել են գեներալ Օզանյանի հետ:
Սակայն, երբ թուրք և ադրբեջանցի դիվանագետներին տեղեկացրել են գաղափարի մասին, վերջիններս խոստացել են անել ամեն հնարավորը` հուշարձանի տեղադրումը խափանելու համար:
ԱՊԱ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Սոչիի քաղաքապետը հայտարարել է, «Նման բան երբևէ չի եղել և չի լինի: Եթե որևէ մեկը ցանկանա հուշարձան տեղադրել, խնդրեմ, արեք դա ձեր հայրենիքում: Մենք հյուրասեր ենք, մենք բոլորին սիրում ենք, բոլորն էլ մեր եղբայրներն են: Բայց գոյություն ունեն քաղաքական հարցեր, դրանք պետք է լուծել հայրենիքում, այլ ոչ թե մեզ մոտ»:
Լուսանկարը` Yerkramas.org