23-ամյա Արտակ Բեգլարյանի՝ ուսման իրավունքի վերականգնման հարցով ՀՀ ԱԳՆ-ն հրավիրել է կույր երիտասարդին աջակցողներից 3-ին` բացատրություն ու պատասխան տալու համար Բեգլարյանի պահանջ-նամակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Արտակ Բեգլարյանը դիմել էր ԱԳՆ` Դիվանագիտական դպրոցում ուսում ստանալու նպատակով, սակայն մերժում էր ստացել` կույր լինելու պատճառով:
Նա Facebook սոցիալական ցանցում բաց պահանջ-նամակ էր ուղղել ՀՀ արտգործնախարարին` հղում անելով ՀՀ այն բոլոր օրենքներին, որոնք չեն արգելում կույր մարդուն ուսանել բարձրագույն ուսումնական հաստատություններում: Բեգլարյանը նշել էր, որ ինքը չունի ոչ մի հիվանդություն, որն ուսումն արգելող հիվանդությունների շարքում է ընդգրկված:
ԱԳՆ ներկայացել է անձամբ Արտակ Բեգլարյանը` իր խնդրի վերաբերյալ բացատրություն ստանալու մտադրությամբ: Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է Բեգլարյանը, իրեն տեղեկացրել են, որ իրենք չեն փոխել իրենց որոշումը` պարզաբանելով այդ հանգամանքը իրենց որոշման մեջ դրած օրենքով և բացատրելով, որ իրենք կատարել են նաև բժշկական հարցում, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ օրենքի այդ մասում նշված հիվանդությունները հանգեցնում են կուրացման:
Երիտասարդը, այնուամենայնիվ, փորձել է ևս մեկ անգամ բացատրել իր տեսակետը, սակայն ապարդյուն:
Այժմ նա պատրաստվում է պայքարել` դիմելով դատական ատյաններին: