Խորհրդարանական ընտրություններին միասնական ցուցակով գնալու հավանականությունը չի կարելի բացառել, բայց այժմ նման հարց քննարկմանը դրված չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը` մեկնաբանելով օրերս Հայաստանի իշխող կոալիցիայի ստորագրված նոր հայտարարությունը, համաձայն որի կոալիցիան գալիք նախագահական ընտրություններին հանդես է գալու մեկ միասնական թեկնածուով:
Նրա խոսքով` ստորագրված հայտարարությամբ ևս մեկ անգամ հաստատվեց կոալիցիոն ուժերի միասնականությունը:
«Չեմ կարծում, որ հուշագրի ստորագրումով այնքան վատ բան է եղել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը կարող է ընկնել: Կարծում եմ, որ այս հուշագրից շահեց մեր ժողովուրդը, մեր հասարակությունը: Գագիկ Ծառուկյանն իր ունեցվածքն է դնում ժողովրդի բարօրության համար, նա քաղաքականությամբ չի ապրում: Եթե նա զգա, որ ժողովրդի վստահությունն իր նկատմամբ նվազում է,
նա կուսակցության համագումար կհրավիրի, և կլինի նոր նախագահի ընտրության քննարկում»,- ասել է Գալստյանը:
Ըստ նրա` ԲՀԿ-ն երբևէ չի թաքցրել, որ առանձին հարցերի վերաբերյալ իրենք իշխանությունների հետ ունեցել են տարբեր մոտեցումներ, սակայն կոալիցիոն համագործակցությունն արդարացրել է իրեն, քանի որ, «օրինակ, այդ համագործակցության շնորհիվ էր, որ մենք չունեցանք լուրջ սոցիալական ցնցումներ»:
Խաչիկ Գալստյանի պնդմամբ` ԲՀԿ-ին չի պարտադրվել ստորագրել այդ հայտարարությունը:
«Եվս մեկ անգամ` ոչ: Ի՞նչ շահեց ԲՀԿ-ն: Եթե հուշագիրը դիտարկենք գլոբալ շահերի տեսանկյունից, ապա շահեց պետությունը, հասարակությունը», – հավելել է Գալստյանը: