Home / Հայաստան / Լիբիայի դիվանագետները կոչ են անում Քադաֆիին հեռանալ

Լիբիայի դիվանագետները կոչ են անում Քադաֆիին հեռանալ

ԱՄՆ-ում Լիբիայի դեսպան Ալի Աուջալին կոչ է արել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին թողնել պաշտոնը: Նա խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը` դատապարտել Լիբիայի առաջնորդին զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու նպատակով ձեռնարկած դաժան միջոցառումների համար, հաղորդում է Associated Press-ը:

«Ես կարծում եմ, որ Քադաֆին պետք է հրաժարական տա, և հնարավորություն ստեղծի իր ժողովրդի համար ինքնուրույն կառուցել սեփական ապագան: Նա այլ տարբերակ չունի»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Այնուամենայնիվ, 40 տարի Լիբիայի իշխանությունների հետ աշխատած Աուջալիի խոսքով, ինքն անձամբ իրեն մեղավոր չի համարում կատարվածի համար, այդ իսկ պատճառով չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից:

Նշենք, որ տարբեր երկրներում Լիբիան ներկայացնող որոշ դեսպաններ դատապարտել են Քադաֆիի կողմից ձեռնարկված գործողությունները, որն ուղղված է ժողովրդին ճնշելուն և նրանց ընդվզումը կանխելուն:

«Մենք դատապարտում ենք բարբարոսական, հանցավոր ջարդն ու անմեղ քաղաքացիների նկատմամբ իրականացրած սպանությունները», – ասված է դեսպանների հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ երեկ Քադաֆին հայտարարությամբ է հանդես եկել, համաձայն որի ինքը դեռևս Լիբիայում է և ոչ թե Վենեսուելայում, ինչպես ավելի վաղ հաղորդում էին որոշ լրատվական աղբյուրներ: Լիբիայի ղեկավարը հեռուստատեսային ելույթի ժամանակ գտնվել է իր տան բակում, փոքր չափերի մեքենայի մեջ, և հովանոցը ձեռքին: Այլ հայտարարություն Քադաֆին չի արել:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու նպատակով Քադաֆին օգտագործում է Լիբիայի բանակը: Երեկ երկրի մայրաքաղաք Տրիպոլիում ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են ժողովրդին, իսկ զորամիավորումները կրակում են մարդկանց վրա: Այնուամենայնիվ, բողոքի ակցիաները Լիբիայում շարունակվում են: