Home / Հայաստան / Տիգրան Սարգսյանը ոչ թե վարչապետ է, այլ բլոգեր

Տիգրան Սարգսյանը ոչ թե վարչապետ է, այլ բլոգեր

Հայաստանում «սոցիալական բունտի» հնարավորության մասին քննարկումները սահմանափակվում են քաղաքական գործիչների ասուլիսներով, դրանք հերքող կամ հաստատող դատողություններով, գրում է «168 ժամ» պարբերականը:

Սակայն բունտի նախադրյալները ամեն օր ավելի արտահայտիչ են դառնում շարքային քաղաքացիների առօրյա կյանքում, կենցաղում, և դա նկատելու համար «մեծ քաղաքականության» մասնակից լինել պետք չէ: Միայն սննդամթերքի անընդհատ թանկացումները մարդկանց օր օրի ավելի են մոտեցնում այն սահմանագծին, որից այն կողմ հենց այդ «սոցիալական բունտ» կոչվածն է:

Իշխանությունները որևէ կոնկրետ քայլ չեն անում այդ իրավիճակը մեղմելու ուղղությամբ և խորապես ներքաշված են մի կողմից` ներքաղաքական «ռազբորկաների», մյուս կողմից` արտաքին քաղաքական խաղերի մեջ: Թվում է, թե այս իրավիճակում գոնե գործադիր իշխանությունը, գոնե ձևականորեն պետք է ինչ-որ քայլեր կատարեր հասարակությանը հույս ներշնչելու համար: Սակայն բավական է հետևել վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային առօրյայի մասին պատմող պաշտոնական հաղորդագրություններին, համոզվելու համար, որ կառավարությունը` նրա գլխավորությամբ, ավելի է մեծացնում սոցիալական բունտի հնարավորությունը: Օրինակ, երեկ Տիգրան Սարգսյանը դասախոսություն է կարդացել բանակի ավագ սպայակազմի համար: Սա կլիներ ծիծաղելի, եթե այդքան տխուր չլիներ: Իսկ անցած շաբաթ նա իր անձնական բլոգում ինչ-որ հաղորդագրություն է թողել, պատմում է նրա մամուլի ծառայությունը: Կարևոր չէ` ինչի մասին, քանի որ քննարկել այդ գործելակերպը, կնշանակի` լուրջ վերաբերվել ՀՀ-ում վարվող «տնտեսական քաղաքականությանը»: Շատ խորհրդանշական է, որ Տ. Սարգսյանը սկսել է ավելի ակտիվ ներկայանալ վիրտուալ տարածության մեջ: «Վիրտուալ Հայաստանի» ավելի լավ վարչապետ դժվար է պատկերացնել: Անցած շաբաթ Բորիս Նեմցովը շատ դիպուկ բնորոշել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին` հայտարարելով, որ նա ոչ թե նախագահ է, այլ բլոգեր: Այս գնահատականը միանգամայն համապատասխանում է նաև մեր վարչապետին: