«Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի, որը գործարկում է Հայաստանում սուպերմարկետների «Սթար» խոշորագույն ցանցը, նոր բաժնետերը կդառնա Viest Assets Ltd-ն, որը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Viest Assets-ին կպատկանի «Սթարի» բաժնետոմսերի 100%-ը:
Ինչպես հաղորդում է «Սթար Դիվայդ» ընկերությունը, բանակցությունները առևտրային ցանցի ներկայիս բաժնետերերի հետ արդեն ավարտված են, իսկ իրավաբանական ձևակերպումները դեռևս ընթացքում են: Ենթադրվում է, որ իրավաբանական ձևակերպումները կավարտվեն 1 ամսվա ընթացքում:
«Ընկերության ձեռքբերման քննարկումներին նախորդել են բանակցություններ վարկատու բանկերի հետ, որի արդյունքում ՍԹԱՐ-ի ֆինանսական ողջ պարտքը կվերակառուցվի»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
Նոր բաժնետերը, առաջիկա 3 ամիսների ընթացքում պարտավորվել է կատարել 5-10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում բաժնետիրական կապիտալի և պարտքի տեսքով:
«Ընկերության պարտավորությունները բոլոր մատակարարների նկատմամբ մնում է ուժի մեջ, որոնց մարման վերաբերյալ ընկերության ղեկավարությունը բանակցությունների նոր փուլ կսկսի մատակարարների հետ»,- ասել է Քերոբյանը:
Ընկերությունն իր հաղորդագրության մեջ նշում է, որ բաժնետերերի փոփոխման արդյունքում փոփոխությունները տեղի չեն ունենա ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավար անձնակազմում: Նախկինում քննարկված և ընկերության կողմից կազմված զարգացման և ընդլայնման ծրագրերը կմնան անփոփոխ. 2011թ.-ին ՍԹԱՐ-ը կբացի ևս 12 խանութ Երևանում և մոտակա քաղաքներում: