Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարպետյանը 18 կետից բաղկացած հանրային պահանջագիրն արդեն ներկայացրել է Սերժ Սարգսյանին` ուղարկելով այն նախագահական նստավայր, և մինչև փետրվարի 28-ը պատասխան է ակնկալում:
«Մենք ակնկալում ենք համագործակցություն իշխանության հետ` հանուն ժողովրդի և հանուն ճշմարտության: Եթե մենք պատասխան չստացանք մինչև փետրվարի 28-ը, մենք կարմիր քարտ ենք ցույց տալու իշխանությանը: Անվստահություն, ու հետո գործընթաց դեպի արտահերթ ընտրություններ: Մեր արտահերթ ընտրությունների պահանջը` սկզբից` խորհրդարանական, հետո` նախագահական: Ի տարբերություն ՀԱԿ-ի, որը սկզբից պահանջում է նախագահական, հետո խորհրդարանական ընտրություններ: Գուցե, իրենք իրենց միանգամից նախագահ են ճանաչում»,- ասել է Տիգրան Կարապետյանը, փաստորեն, կրկնելով նույնը, ինչ նա ասել էր փետրվարի 15-ին կազմակերպած Ժողովրդական կուսակցության բացօթյա համաժողովի ժամանակ:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ մամուլում հաճախ է հիշատակվում, որ «Կարապետյանը իշխանությունների պրոյեկտն է», Ժողովրդական կուսակցության ղեկավարը պատասխանել է.
«Տաս տարվա ընթացքում ես ժողովրդին ցույց եմ տվել, ժողովուրդը տեսել է, որ ես ազնիվ մարդ եմ և ոչ մի ինչ-որ կոալիցիաների մեջ չեմ մասնակցել, ուրեմն ես համարում եմ բախտավորություն այն առումով, որ ես պատկանում եմ ժողովրդին: Իսկ ով ում պրոյեկտն ա, թող դրսի փողերով չափեն ու իրենց մասսոնական տարբեր պատկանելությամբ», – ասել է Կարապետյանը:
Պատասխանելով ՀԱԿ-ի հետ միավորման հնարվորության մասին հարցին` Կարապետյանը նշել է, որ իրենց շարժումն ազատ շարժում է և պատրաստ է յուրաքանչյուր արդար ուժի կամ շարժման հետ կանգնել մի հարթակի վրա հավասար հիմքերով:
«ՀԱԿ-ը տարբեր ուժերից է ձևավորված, կան և արդար, և անարդար: Օրինակ, ես ի նկատի ունեմ` ՀՀՇ-ի հետ մենք ճանապարհ չէինք գնա», – հայտարարել է Կարապետյանը:
Նա նաև նշել է, որ Ժողովրդական կուսակցությունը դեմ է այսօր Հայաստանում ձևավորված համակարգին:
«Մենք այսօր դեմ ենք համակարգին, ոչ թե մի դեմքին, այլ համակարգին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ոչ թե աթոռին, որովհետև մենք չէինք ուզենա, որ լիներ նոր իշխանություն նույն մեթոդներով»,- ասել է Ժողովրդական կուսակցության նախագահը: