Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ Դատախազության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես, «168 ժամ» օրաթերթի` 2011թ. փետրվարի 15-16-ի համարում հրապարակվել է հոդված «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով: Ըստ այդ հոդվածի` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 2-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի` Ս. Նազարյանի որդու և վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին` ծեծի ենթարկվել: Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի ենթարկել և եղունգներով ճանկռել նրան` այնուհետև նրան պարտադրելով տեղափոխվել այլ դպրոց, իսկ նրա տատին` Բ. Եղիազարյանին, ով նաև հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն:
Վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ 2011թ. փետրվարի 15-ին Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Արմավիրի մարզի դատախազի հանձնարարությամբ նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով նախաքննական մարմինը ստուգման ենթակա է դարձրել նաև սույն քրեական գործի վերաբերյալ մամուլի հրապարակումները: