Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը Մեծ Բրիտանիայից կարտաքսվի Շվեդիա, հաղորդում է Associated Press-ը:
Բրիտանական դատարանը համապատասխան վճիռը կայացրել է փետրվարի 24-ին: Այն կարող է բողոքարկվել 1 շաբաթվա ընթացքում: Պաշտպանող կողմն արդեն հայտարարել է դատավճիռը բողոքարկելու մտադրության մասին:
Շվեդիայում Ասանջին մեղադրում են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Բրիտանացի դատավոր Հովարդ Ռիդլը հայտարարել է, որ Ասանջի ձերբակալության վերաբերյալ Շվեդիայի իշխանությունների կողմից տրված միջազգային օրդերն օրինական է:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանջը ձերբակալվել էր 2010 թվականի դեկտեմբերին: Քրեական հետաքննությունը մեկնարկել է նույն տարվա օգոստոսին: Երկու կանայք մեղադրում են Ասանջին սեռական ոտնձգությունների մեջ: Ինքը` Ասանջը, բազմիցս հայտարարել է, որ իրեն առաջադրվող մեղադրանքները կապված են իր կողմից հիմնադրած կայքի սկանդալային գործունեության հետ: