Եգիպտոսում գործող իսլամական «Մահմեդական եղբայրներ» շարժումը նախապատրաստվում է զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել ուրբաթ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում, որը ողջ արաբական աշխարհի համար դարձել է ազատության խորհրդանիշ: Իսլամիստները խոստանում են միլիոնավոր մարդկանց դուրս բերել հրապարակ, հաղորդում է MIGnews.com-ը:
«Մահմեդական եղբայրներ» շարժումը պահանջում է տապալել գործող կառավարությունը և նոր իշխանություն ձևավորել, որտեղ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի շրջապատի մարդկանցից ոչ ոք չի լինի:
«Մահմեդական եղբայրներ» շարժման անդամներից մեկը` Էսամ էլ-Էրիանը հայտարարել է. «Պաշտպանության, արդարադատության, Ներքին գործերի և Արտաքին Գործերի նախարարությունների ղեկավարները իրենց պաշտոնում են մնացել: Սա նշանակում է, որ Եգիպտոսի վերահսկողությունը կրկին մնացել է Մուբարաքի և նրա համախոհների ձեռքին»:
Ներկայումս Եգիպտոսի զինվորականները փոխել են նավթի և մշակույթի նախարարներին, ինչպես նաև տեղեկատվության նախարարին, որի նկատմամբ ատելությունը համընդհանուր բնույթ է կրում Եգիպտոսում: