«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր հրապարակել է քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որը գրվել է «Արթիկ» ՔԿՀ-ի մենախցում այս տարվա փետրվարի 9-ին: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ.
«Ցյուրիխյան ուրացումից, Սփյուռքի միասնական թուքումուրին արժանանալուց, ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ ձախողումից հետո Սերժ Սարգսյանը որոշել է ռեաբիլիտացվել` Հռոմի պապից ավելի սփյուռքահայամետ երևալու ճանապարհով: Եվ ահա` սուրբ կույս Հրանուշի շուրթերով հերթական սրբատառ կոնդակն է շրջանառության մեջ դրել, թե բա երկպալատ դարձնենք զխորհրդարանս մերոյ, սփյուռքի երևելիներին նստեցնենք պալատում վերոյ: Ծափ-ծլնգոց` մեջը զնգոց, կարճ ասած:
Էն, որ ՍՍ-ն սփյուռքահայամետ գործերի սիրահար է, պարզ էր բոլորին: Նրա գործունեության շնորհիվ սփյուռքահայերի թիվը անշեղորեն աճում է և վստահաբար` դեռ կաճի: Ու քանի որ «Առաջ Հայաստան» կարգախոսը ենթադրում է, որ իշխանությունը պետք է լինի սեփական ժողովրդի կողքին, ժամանակն է Հայաստանի պետական մարմինները մանրից տեղափոխել Գլենդել, որտեղ արդեն Սաշիկը շենքեր է կառուցում` թերևս այդ նպատակների համար: Տիկին Հրանուշը հո չասա՞ց, որ Հայրենի խորհրդարանի վերին պալատը Երևանում է գործելու: Լոսում, միմիայն Լոսում: Սա ամենևին էլ նորություն չէ հայոց պատմության մեջ.1918 թվականին Թիֆլիսում Հայաստանի անկախությունը հռչակած Հայ ազգային խորհուրդը առանձնապես չէր շտապում Երևան տեղափոխվել: Խորհրդի որոշ անդամներ նույնիսկ կարծում էին, որ Վրաստանի մայրաքաղաքից շատ ավելի հեշտ կլինի կառավարել նորանկախ Հայաստանը:
Իսկ Սերժ-Հրանուշ տանդեմի հերթական կոնդակի կարևորությունն այն է, որ այդպիսով ոչ միայն ընդունելի է համարվում Հայաստանում չբնակվելով` Հայաստանի խորհրդարանի անդամ լինելու, այսինքն` հայաստանյան կյանքը կարգավորող օրենքներ ընդունելու հնարավորությունը, այլև դա ներկայացվում է որպես ազգանպաստ գաղափար: Իսկ գուցե Հայաստանում գործող ընտրատարածքներն է՞լ տեղափոխենք արտերկիր. միևնույն է այստեղ ընտրություններ անցկացնելու պրակտիկան ոչ մի լավ բան չի բերում երկրին…
Ընթերցողը հարց կտա. իսկ ին՞չ է, մենք դե՞մ ենք, որ Սփյուռքը մասնակցի Հայաստանի քաղաքական կյանքին: Դեմ չենք, քավ լիցի, դեմ չենք: Ուղղակի զարմանում ենք, որ ոչ ոք չի նկատում, որ Սփյուռքը վաղուց արդեն մասնակցում է, և այդ մասնակցությունը ամենևին էլ ձևական չես համարի. ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ոչ սփյուռքահայ: Իսկ Հրանտ Մարգարյանը, իսկ Վարդան Օսկանյանը. ին՞չ է, նրանք Գեղարքունիկի մարզո՞ւմ են ծնվել-մեծացել: Մարդիկ իրենք որոշել են, որ պիտի մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին, մշտական բնակության են տեղափոխվել այստեղ, ընդունել են ՀՀ քաղաքացիություն և սրտների ուզածի չափ մասնակցում են հայաստանյան պռոցեսներին, ինչը ինքնին ողջունելի է: Սա է Սփյուռքի մասնակցության միակ հնարավոր ֆորմատը Հայաստանի քաղաքական կյանքին և կառավարմանը: Մնացածը եղկելի սփյուռոպոպուլիզմ է, որը սնուցում է մեր ժողովրդի դարավոր դժբախտությունը` պանդուխտի հայեցակարգին առավելություն տալով քաղաքացու հայեցակարգի նկատմամբ: Ուզո՞ւմ եք Սփյուռքը լիարժեք մասնակցի հայաստանյան կյանքին, քաղաքացիություն տվեք Ժիրայր Սեֆիլյանին, բանտից ազատ արձակեք Սարգիս Հացպանյանին: