«Երկիր» օրաթերթի խմբագիր Հարություն Հարությունյանը զվարճալի է համարում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար, ոգելից խմիչքներ արտադրող «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ օրաթերթի:
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Երկիր» օրաթերթի` նշելով, թե այն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը` «Երկիրի» հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» շարքում տպագրված իր մասին հոդվածով: Նշենք, որ տվյալ շարքում «Երկիր» օրաթերթը սովորաբար անդրադարձ է կատարում ԱԺ պատգամավորներին` ներկայացնելով նրանց գործունեությանն ու անցած ճանապարհին վերաբերող փաստեր:
«Կռահում եմ, ինչ որոշում կկայացնի դատարանը, որովհետև նոր ընդունված օրենքը ակնհայտորեն կապված է մամուլի միջոցները լռեցնելու հետ», – ասել է Հարությունյանը:
Ըստ գլխավոր խմբագրի` նշված հոդվածում նրանք զրպարտանք չեն տեսնում.
«Ընդամենն օգտվել ենք ռուսական և հայկական մամուլից», – նշել է Հարություն Հարությունյանը:
Նշենք, որ 2011 թվականին դատարանն արդեն իսկ մեկ նման հայց բավարել է:
Փետրվարի 9-ին դատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթին պարտավորեցրել էր 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ երեք պատգամավորներին` Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին: Վճռի համաձայն` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: