ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Երկիր» օրաթերթի, նշելով, թե այն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը` «Երկիրի» հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» հոդվածաշարի` իր մասին հրապարակմամբ, տեղեկացնում է «Առավոտ» օրաթերթը:
Պատգամավորը նաև պահանջում է 3 միլիոն 568 հազար դրամի փոխհատուցում. 3 մլն դրամը` վիրավորանքի և զրպարտության միջոցով հասցված վնասի, 500 հազարը` փաստաբանական , իսկ 68 հազարը` դատական ծախսերի համար: Դատավոր Ռ.Ափինյանը որոշել է գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ մարտի 25-ին:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին դատարանը Հայկական ժամանակ օրաթերթին պարտավորեցրել էր 2 միլիոն 44 հազարական դրամ վճարել ԱԺ երեք պատգամավորներին` Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Ալեքսանյանին և Լևոն Սարգսյանին: Վճռի համաձայն` օրաթերթի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի համարում լույս տեսած «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Համաձայն հոդվածի, Ռուսաստանի իրավապահ մարմինները ցուցակ են կազմել, որում ընդգրկված են եղել տարբեր քրեական գործերի հետ առնչություն կամ ռուսական կրիմինալ խմբավորումների հետ կապեր ունեցող ՀՀ պաշտոնյաներ: ՌԴ իրավապահների կազմած ցուցակի առաջին յոթ հորիզոնականներում հետևյալ անուններն են եղել` Սերժ Սարգսյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյան, ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան և Լևոն Սարգսյան, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյան, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: «ՀԺ»-ի հրապրակման համաձայն, այս ցուցակի վերաբերյալ ՌԴ դատախազության ներկայացուցիչները զրուցել են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ: