Ամբողջ ժողովրդի ուղերձը լինելու է շատ պարզ. ցանկացած բռնություն տասնապատիկ հակահարված է ստանալու ժողովրդի կողմից: Այս մասին հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը` խոսելով Հայ ազգային կոնգրեսի գալիք հանրահավաքի մասին:
Ընդդիմությունը սկսել է հանրահավաքների շարք, որի նպատակն է, ըստ Զուրաբյանի, պարտադրել «բռնապետությանն արտահերթ ընտրություններ և կատարել շարժման այլ պահանջները»: ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով` մարտին և ապրիլի սկզբին լինելու է իշխանությունների վերջին շանսը:
Այս համատեքստում նա անդրադարձել է երեկ կայացած ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպմանը: «Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ցանկացած բռնապետությունն ինքնին արդեն կոնֆլիկտ է, և ես համաձայն եմ այդ մտքի հետ», – շեշտել է Զուրաբյանը` հավելելով, որ դա հակամարտություն է վարչախմբի և ժողովրդի միջև, «և ինչպես ցանկացած կոնֆլիկտ, այն հղի է պայթյունով և անկանխատեսելի հետևանքներով»:
Լևոն Զուրաբյանը նաև ընդգծել է, որ եթե իշխանությունների և ընդդիմության հակամարտությունը երկար ժամանակ չի լուծվում խաղաղ բանակցություններով, այն լուծվում է պատերազմով: «Կարծես, բոլորը հիմա միջազգային հանրությունում հասկանում են, որ այնպիսի կոնֆլիկտը, որն իր էությամբ ներկայացնում է բռնապետությունը, դա խնդիր է ոչ միայն տվյալ ժողովրդի համար, այլ նաև միջազգային անվտանգության համար», – նկատել է ընդդիմադիր գործիչը:
Զուրաբյանի խոսքերով` հանրահավաքի օրը` մարտի մեկը, հնարավորություն է հանդիսանալու սկիզբ դնել հակամարտության լուծմանը: «Մենք գերադասում ենք, որ դա լինի խաղաղ բանակցությունների ճանապարհով», – նշել է բանախոսը:
Խոսելով 2008 թվականի մատիմեկյան իրադարձությունների մասին` Զուրաբյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ն արել է այն, ինչ պիտի աներ, այն է` իշխանությունը վերադարձնել ժողովրդին, իսկ աշխարհը, ըստ նրա, այդ ժամանակ քնած էր: ՀԱԿ համակարգողը, սակայն, կարծում է, որ նրանք հասել են հաջողության.
«Մեր շարժումը անշեղորեն շարունակում է իր գործը և մենք հասնելու ենք հաջողության, ինչ էլ մեր գլխին բերեն», – եզրափակել է Լևոն Զուրաբյանը: