«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության պատգամավորներն այսօր բոյկոտել են Ազգային ժողովի նիստի աշխատանքները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի մեկնարկին հանդես է եկել հայտարարությամբ:
Նա, մասնավորապես, անդրադառնալով կոալիցիոն նոր հուշագրին, ասել է. «Վերջերս գործող նախագահը կուսակցապետ իր գործընկերների հետ կնքեց հակասահմանադրական, հակաիրավական մի հուշագիր, որի իմաստը ոչ միայն ժամանակից շուտ, ի խախտումն համապատասխան բոլոր օրենքների սեփական թեկնածության առաջադրումն էր, այլ պատգամը հասարակության, որ «պետությունը ես եմ, և իմ դեմ խաղ չկա»»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ այդ քաղաքականությունը, «որը տևապես զիջում է մեր պետականությունը և ազգային շահը, շարունակվելու է առնվազն 7 տարի, այդ ներքին քաղաքականությունը, որը խորացնում է անհավասարությունը, անօրինականությունը և արտագաղթը, շարունակվելու է նվազագույնը 7 տարի»:
«Այս խորհրդարանի առարկայական պատկերը արտացոլանքն է հերթական խեղված և կեղծված ընտրությունների, բայց, ցավոք սրտի, այս համամասնությունը մեծամասնության եւ ընդդիմության չի բավականացնում կուսակցապետերի հախն ու ախորժակը, եւ իրենց հայացքն ուղղել են սակավաթիվ ընդդիմադիր այս աթոռների վրա: Հարկ չկա կեղծել հերթական ընտրությունը, ինչպես սուրբ պատարագն է ասում` սիրով, ճշմարտությամբ եւ երբեք հեգնանքով` առեք, կերեք, սա է ժառանգությունը ձեր», – հայտարարել է «Ժառանգության» հիմնադիրը:
Այս խոսքերից հետո «Ժառանգության» պատգամավորները լքել են Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, որ կուսակցության քաղաքական գործունեության հետագա հարցերը ճշգրտելու նպատակով երկուշաբթի օրը ժամը 14:00-ին հրավիրվել է վարչության նիստ: