Հայկական բանակում առկա իրավիճակն իրավապաշտպան Միքայել Դանիելյանը որակում է որպես խոշտանգում և անմարդկային վերաբերմունք: Վերջին տարվա ընթացքում իրավապաշտպանները հայկական բանակում մահացության դեպքերի զգալի աճ են արձանագրել, ինչն էլ արտացոլվել է Հելսինկյան ասոցիացիայի 2010 թվականի զեկույցում:
Ներկայացնելով զեկույցը` ասոցիացիայի նախագահ Դանիելյանն ուրվագծել է այն կարևոր խնդիրը, որն առկա է զինված ուժերում:
Իրավապաշտպանի խոսքով` ՀՀ քաղաքացիները ծառայում են Լեռնային Ղարաբաղում: Դանիելյանն առաջարկում է արգելել այդ պրակտիկան:
Իրավապաշտպանի կարծիքով` ԼՂՀ-ում ավելի հեշտ է թաքցնել զինվորների վրա կիրառվող ճնշումների փաստը:
Հելսինակյան ասոցիացիայի ներկայացված զեկույցում նշվում է նաև, որ բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին չափազանց դժվար է տեղեկատվություն ստանալ:
«Մնալով փակ համակարգ` ՀՀ Զինված ուժերի հրամանատարությունը փորձում է ամեն կերպ կոծկել բանակում խոշտանգումներից և դաժան վերաբերմունքից մահացած զինվորների թիվը: Հիմնականում մահվան փաստը բացատրվում է ինքնասպանության, դժբախտ պատահարների, հակառակորդի կողմից սպանությամբ», – նշում են զեկույցի հեղինակները: