Ստամբուլում լույս տեսնող «Ագօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանների խումբը հայտարարել է, որ Դինքի ընտանիքի անդամներն այլևս չեն մասնակցելու լրագրողի սպանության գործով դատավարություններին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2007 թվականի հունվարի 19-ին Դինքին սպանած Օգյուն Սամաստի գործը երեկ առաջին անգամ քննվել է անչափահասների դատարանում: Հիշեցնենք, որ Թուրքիայի դատարանը, հիմնվելով նոր քրեական օրենսգրքի պահանջների վրա, նախորդ տարվա հոկտեմբերին որոշում էր կայացրել Սամաստի գործը քննել անչափահասների դատարանում, քանի որ սպանության պահին Սամաստի 18 տարեկանը դեռ չէր լրացել: Դեռևս այն ժամանակ Դինքի փաստաբանները նշել էին, որ դատարանն այդքանով նպատակ ունի ավելի փոքր պատժաչափ սահմանել Սամաստի համար:
Երեկ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիյե Չեթինը պաշտոնապես հայտարարել է, որ ընտանիքի անդամները չեն պատրաստվում մասնակցել դատական նիստերին, քանի որ «գործի քննությունը հեռու է արդարադատության պահանջներից և շարունակում է մեծացնել ցավն ու տառապանքը մեր հասարակության մեջ»: