Այսօր ժամը 10.00-ին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գնացել է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, որը գտնվում է ԱԱԾ շենքում:
Այնտեղ նա տեղեկացել է, որ իր եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, ով մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, գտնվում է տվյալ ՔԿՀ-ում: Փոստանջյանը փոխանցել է եղբոր հագուստները և պահանջել է մուտք գործել մեկուսարան, սակայն նրան կրկին արգելել են:
Ժամը 11.30-ին ՔԿՀ-ի պետ Նելսոն Զաքարյանը զանգահարել է Զարուհի Փոստանջյանին և հայտնել, որ նա կարող է մուտք գործել մեկուսարան: Փոստանջյանն այդ հեռախոսազանգից հետո գնացել է մեկուսարան և տեղեկացել է, որ իր եղբորը` Տիգրան Փոստանջյանին, այսօր ժամը 11.30, համաձայն ԱԱԾ քննչական վարչության թիվ 81536 գրության, տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Տիգրան Փոստանջյանի փաստաբան Հայկ Ալումյանն այս տեղափոխումը մեկնաբանել է որպես Տիգրան Փոստանջյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի քրեական տարրերի միջոցով ճնշում գործադրելու փորձ: