Այսօր ՀՀ Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում Հայաստանի երրորդ օմբուդսմեն է ընտրվել Կարեն Անդրեասյանը: Նրա թեկնածության օգտին է քվեարկել 83 պատգամավոր, դեմ` 13: Դեմ քվեարկածները ՀՅԴ խմբակցության պատգամավորներն են: «Ժառանգությունը» քվեարկությանը չի մասնակցել:
Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, խոսելով Կարեն Անդրեասյանի մասին, նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում անձերը որևէ դեր չունեն:
«Ինչ էլ անի այս իշխանությունը, նույն տրամաբանության շրջանակներից է բխելու: Նրանց գործունեությունից բխող բոլոր գործողությունները նույն տրամաբանությունն ունեն: Այստեղ անձերը որևէ նշանակություն չունեն»,- ասել է Սաքունցը:
Իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նորանշանակ ՄԻ պաշտպանի վերաբերյալ առայժմ չի ցանկացել կարծիք հայտնել:
«Ես մեկ անգամ շատ թռուցիկ ձևով եմ նրա հետ ծանոթացել, դեռ որևէ կարծիք չեմ կարող հայտնել, ժամանակը ցույց կտա»,- ասել է Իշխանյանը:
«Ընդհանրապես, սահմանադրությամբ ընդունված է, որ ՄԻ պաշտպանը ընտրվում է քաղաքական որակյալ իշխանությունների կողմից, իսկ մեր իշխանությունը ավելին է, քան «որակյալը», Մարդու իրավունքերի պաշտպանի նման պարտադրանքն անընդունելի է», – հավելել է նա:
Իրավապաշտպան, Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանը նույնպես չի ցանկացել որևէ կարծիք հայտնել.
«Ինքը այդ բնագավառի մարդ չի, ես ոչինչ չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ օմբուդսմենը հրաժարական էր տվել փետրվարի 1-ին` այլ աշխատանքի անցնելու պատճառով: