«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանի էլեկտրոնային կայքերին, որոնք, նրա խոսքով, «օպերատիվ են արձագանքել երեկ ոստիկանների և պատգամավորների միջև տեղի ունեցած բախմանը»:
«Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր ոստիկանությանը, որովհետև երեկ մեզ մոտ չհայտնաբերեցին ոչ զենք, ոչ զինամթերք, ոչ ատոմային բումբ և նույնիսկ մեկ փայտ չգտան, այսինքն որևէ մեկը` նույնիսկ իրենք, չեն կարող ասել, որ սա խաղաղ, ոչ բռնի բողոքի ակցիա չի եղել», – հայտարարել է պատգամավորը` խոսելով երեկ Կառավարության շենքի առջև բացօթյա առևտուր իրականացնող մարդկանց կազմակերպած ակցիայի մասին, որի ընթացքում ոստիկանները կոպտորեն հրում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև ակցիայի մասնակիցներին:
Մարտիրոսյանը շնորհակալ է ոստիկանությանը նաև Հանրային հեռուստատեսությանը տրամադրած տեսանյութերի համար, որտեղ, ըստ պատգամավորի, հստակ երևում է, թե ինչպես է նա դիմում ոստիկաններին, ասելով, որ նրանք խախտում են օրենքը և իրավունք չունեն պատգամավորին կամ քաղաքացուն անօրինական կերպով դիպչել:
«Հարգելի Հ1, երեկվա ձեր ռեպորտաժում, որտեղ դուք տեսաք «Ժառանգության» պատգամավորների կամ այդ մեկ տասնյակից մի փոքր ավել կանանց մոտ այդ ագրեսիվ տրամադրությունները, որ պատրաստվում էին լուսացույցեր ջարդել, աղբարկղներն այրել», – ասել է Մարտիրոսյանը:
Կրկին դիմելով Հանրային հեռուստատեսությանը` պատգամավորն անդրադարձել է հեռուստաալիքի կողմից ԱՄՆ-ի օրինակը բերելուն. «Էդ Միացյալ Նահանգներում եթե հանկարծակի մի ոստիկան այդպես հրապարակային մատով խաղաղ բողոքող ցուցարարի կպնի, ինքը վայրկենական իր կոչումն էլ կկորցնի, հետագա աշխատանքն էլ կկորցնի, գումարած դրան նաև կդատվի: Ես, իհարկե, չեմ ցանկանում, բայց օրերից մի օր եթե որևէ ոստիկան մի փոքր օրենք չիմանալով ծեծի Հանրային հեռուստաընկերության աշխատակազմի բարձր ղեկավարներին, ես իրենց խորհուրդ կտամ չինքնապաշտպանվել, սպասել ոստիկանները` օրենքը մի փոքր չիմանալու պատճառով, իրենց ծեծեն», – ասել է «Ժառանգության» անդամը` որպես հարկատու պահանջելով Հ1-ից անկողմնակալ տեղեկատվություն հաղորդել: