Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` հունվարի 22-23-ին Երևան կատարած վերջին այցելության ընթացքում նա առաջարկել է իր հայ գործընկերոջը` Սերժ Սարգսյանին երկու երկրների քաղաքացիների համար պետական սահմանի հատման նոր ռեժիմ գործադրել: Այս մասին Epress.am-ին հայտնի է դարձել թբիլիսյան աղբյուրներից:
Սահակաշվիլին առաջարկել է թույլատրել երկու երկրների քաղաքացիներին հատել սահմանը ներքին օգտագործման նույնացման քարտերով (ID-քարտեր): Նման ռեժիմ գործում է Վրաստանի և Թուրքիայի միջև:
Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է քննարկել այդ առաջարկը: Նրա մերժումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Հայաստանում ID-քարտեր կսկսեն գործել միայն 2011 թվականի աշնանից: Ներկայումս Հայաստանի քաղաքացիները, ի տարբերություն վրացիների, ինչպես ներքին օգտագործման, այնպես էլ արտասահման մեկնելու համար միայն մեկ անձնագիր ունեն: