Երեկ հայկական հեռուստաալիքներն անդրադարձել էին Հանրապետության հրապարակում «Ժառանգության» պատգամավորներ` Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի և Արմեն Մարտիրոսյանի և ոստիկանների բախմանը, որը տեղի է ունեցել բացօթյա առևտրի արգելքի դեմ ակցիայի ժամանակ:
Բացի նրանից, որ լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորները խոսել են հեռուստատեսությամբ ցուցադրված մոնտաժված դրվագների մասին, Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է նաև ոստիկանության կողմից նկարահանված և հեռուստաալիքներին տրամադրած տեսանյութից մի դրվագի: Տեսանյությում երևում է, թե ինչպես է Զարուհի Փոստանջյանը լեզու ցույց տալիս իրեն նկարահանողին, որը տեսախցիկը մոտեցրել էր պատգամավորի դեմքին:
«Ինչպես հասկացա, էդ ամբողջ կադրերի մեջ ամենասիրված կադրը իշխանությունների կողմից եղել է դա: Մի անձնավորություն, որն այսօր նմանատիպ հալածանքի է ենթարկվում իր քաղաքական հայացքների համար, իր հարազատ եղբորը կալանավորում են, կարո՞ղ ենք մենք ասել, թե որքանով է ճիշտ կամ բարոյական իրեն իր վարքագծում նմանատիպ ձևով ներկայացնելը», – հարցնում է պատգամավոր:
Նա համաձայնել է իր գործընկերոջ` Լարիսա Ալավերդյանի այն մտքի հետ, որ դա ընդամենը չարաճճիություն է: «Դա օրենքի որևէ կետ չի խախտում: Եվ, վերջապես, երևի թե մեր իշխանությունները գտնում են, որ նույնիսկ նմանատիպ քայլերն իրենց համար խիստ վտանգավոր են: Եթե սա է վտանգավորությունը, ապա ես շատ ցավում եմ իշխանությունների համար», – եզրափակել է Արմեն Մարտիրոսյանը: