ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ խոսելով երեկ Կառավարության շենքի առջև առևտրականների, «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մասին, հայտարարել է, որ եթե «Ժառանգությունը» դատական հայց ներկայացնի, ճիշտ կանի:
«Եթե նրանք գտնում են, որ դատական հայցի հիմքեր կան, կարող են դատի տալ: Սակայն ես կարծում եմ, որ ամբողջ այդ դեպքերի արդյունքում «Ժառանգությունը» հասավ իր նպատակին` մտավ Կապինոսի մոտ»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը` նկատի ունենալով միջադեպից մի քանի ժամ հետո «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Նրա խոսքով` պատգամավորները նման վարքագծով ուզում են ապացուցել, որ իրենք ժողովրդի կողքին են, ու ժողովրդի հետ պայքարում են նրանց իրավունքների համար:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանը, երեկվա միջադեպերը որակել է որպես «ցինիկության, անպատժելիության արտահայտման հերթական ձև»:
«Ես, ճիշտն ասած, չզարմացա էլ, որովհետև այստեղ մի ձեռագիր է գործում և շարունակում է գործել: Իսկ երեկ հեռուստատեսությամբ Երևանի փոխոստիկանապետը հաստատեց իմ կարծիքը` ամենաթողության այս իրավիճակը»,- ասել է պատգամավորը:
«Այդ կադրերը ուղղակի վիրավորական պետք է լինեն յուրաքանչյուր քաղաքացու և իշխանության համար: Իսկ հեռուստաալիքով մեր փոխոստիկանապետը մեկ իրեն դնում է քաղաքապետի տեղ, մեկ թաղապետի, մեկ ՀՀ նախագահի»,- նշել է նա:
Լիլիթ Գալստյանը խոցելի է համարել այն, որ 1990 թվականից սկսած` ոստիկանությունը ծառայում է տվյալ պահին գոյություն ունեցող իշխանությանը և ոչ թե քաղաքացու անվտանգության ապահովմանը: