Ադրբեջանում մեկ ամսով ազատազրկել են երիտասարդ ակտիվիստ Բախթիյար Հաջիևին, ով ներգրավված է եղել համացանցի միջոցով հակակառավարական շարժման կազմակերպման մեջ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել է երիտասարդի փաստաբան Սեդեթ Սեյիդլին, Հաջիևին հարցաքննել են Facebook սոցիալական ցանցում ծավալած իր գործունեության մասին, որից հետո էլ որոշել են նման պատժամիջոց կիրառել նրա նկատմամբ:
Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
29-ամյա Հաջիևն ավարտել է Հարվարդի համալսարանը, նախկինում առաջադրել է իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին:
Երիտասարդ ակտիվիստին մեղադրում են Facebook-ի միջոցով մարտի 11-ին հակակառավարական ցույց նախապատրաստելու մեջ:
Հաջիևն իր էջում Ադրբեջանի երիտասարդ ակտիվիստների անունից ոստիկաններին կոչ է ուղղել, որում, մասնավորապես, ասված է.
«Արաբական երկրներում վերջին զարգացումները ցույց են տալիս, որ երբ մարդիկ ազատություն են պահանջում, նրանք հասնում են դրան: Մենք կոչ ենք անում ձեզ կանգնել պատմության ճիշտ կողմում, ուժ չգործադրել սեփական երկրի քաղաքացիների նկատմամբ, արդարություն, երջանկություն, և ազատ հասարակություն ստեղծել Ադրբեջանում»: