Մարտի 8-ի տոնի բովանդակության միջից հանվել է կնոջ իրավունքների համար պայքարի իմաստը: Մարտի 8-ը` միտումնավոր, կամա, թե ակամա կորցրել է իր բովանդակությունը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ է հայտնել դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ցավով նշել է, որ կանանց մասին թեմաները շոշափվում են միայն տոներին` մարտի 8-ին, ապրիլի 7-ին.
«Ես ասում եմ` սա տղամարդկային հասարակություն է. կինն այստեղ դիտվում է որպես սերունդ վերարտադրող, կրթող մի համակարգ: Կա ազգային վերաբերմունք կանանց նկատմամբ: Տղամարդիկ քամահրական հայացքով են նայում և շատ հաճախ նույն քամահրանքով վերաբերում կանանց»:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը, խոսելով հայաստանյան հասարակությունում կնոջ դերի և նշանակության մասին, կարևորել է կնոջ` անհատականություն լինելու հատկությունը:
«Կինը կարող է իր կին տեսակը պահպանել և առաջ գնալ այս կամ այն բնագավառում, եթե կարողանա ուժեղ անհատականություն դրսևորել, ոչ թե ինչ-որ ամպագորգոռ ֆեմինիստական բաներ, դրա մեջ ես հիվանդագին բան եմ տեսնում»:
Կարինե Խոդիկյանը կանանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխման համար անհրաժեշտ է համարել պետության նորմալ լինելը.
«Եթե պետությունը, հասարակությունը կարողանա քաղաքացուն` առանց սեռային պատկանելության, ապահովի նորմալ կրթությամբ, աշխատանքով, ապա նման խնդիրները կվերանան, այս վիճակը կփոխվի»,- ասել է դրամատուրգը:
Լուսանկարը` italia-ru.it