Վաշինգտոնը երկակի չափանիշների քաղաքականությամբ է ուղղորդվում Բելառուսում և Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հարցում, Washington Post-ի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը միանգամայն տարբեր կերպ է արձագանքել Բելառուսում և Վրաստանում ընդդիմադիրների ճնշման հանգամանքին:
«Վերջերս Վրաստանի նախագահ Սահակաշվիլին դաժանաբար ճնշեց ընդդիմության բողոքի ակցիան: Իսկ դուք շարունակում եք նրա հետ հարաբերություններ պաշտպանել: Ինչո՞ւ: Որովհետև Սահակաշվիլին ձեր շան որդին է»:
Հիշեցնենք, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Լուկաշենկոյի 19 հակառակորդներ չարտոնված հանրահավաք կազմակերպեցին Մինսկի կենտրոնում:
Հատուկ ծառայության աշխատակիցները և ոստիկանությունը ուժի կիրառման միջոցով ցրեցին ակցիան` 639 մարդ ձերբակալելով, որոնց թվում էին նաև ընդդիմադիր առաջնորդները: Ավելի ուշ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները քննադատություն հնչեցրեցին Բելառուսի նախագահի հասցեին, այնուհետև պատժամիջոցներ կիրառեցին նրա նկատմամբ:
Նշենք նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր հրավիրել Միխայիլ Սահակաշվիլիին իր երդմնակալության արարողությանը: