Ամերիկյան OR Books հրատարակչությունը գիրք կհրատարակի, որտեղ ընդգրկված կլինեն Եգիպտոսի հեղափոխության մասին Twitter.com-ում հայտնված «առանցքային» հաղորդագրությունները: Ինչպես հաղորդում է AFP-ն, 160 էջանոց «Թվիթներ Թահրիրից» ժողովածուն ընթերցողի դատին կհանձնվի ապրիլի 21-ին:
Հրատարակչության ներկայացուցիչների խոսքով`հակակառավարական ցույցերի ընթացքում Կահիրեի բնակիչների կողմից իրենց միկրոբլոգերում տեղադրված հաղորդագրություններն այնպես են դասավորված գրքում, որ ընթերցողի մոտ դինամիկ զարգացող սյուժեով պատմության տպավորություն է ստեղծվում` «նկարագրվում է ապաստամբությունը իրապես զարգացող ժամանակահատվածում»:
Գիրքը անվանվել է Կահիրեի Թահրիր հրապարակի պատվին, որտեղ 2 շաբաթների ընթացքում բազմամիլիոնանոց հանրահավաքներ էին տեղի ունենում: Ազգային ընդվզման արդյունքում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 30 տարի, հրաժարական տվեց: