Ադրբեջանցի ռեժիսոր Էլդար Գուլիևի «Պատանդը» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է ղարաբաղյան պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, Ադրբեջանում Կինոյի շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Ադրբեջանի կինոգետների միության Կինոյի տանը:
Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ ֆիլմն արգելվել է Ադրբեջանում, քանի որ հայ ռազմագերին ֆիլմում մարդկային որակներով է օժտված, ինչը դուր չէր եկել երկրի ղեկավարությանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները տարբեր կերպ են մեկնաբանում «Պատանդի» սյուժեն: Մասնավորապես, Baku-art-ը գրում է, «այս ֆիլմը դիտելուց հետո աշխարհի բոլոր ազգերը իմացան ադրբեջանցիների նկատմամբ հայերի կողմից իրականացրած ցեղասպանության մասին»:
Aze.az-ի տարբերակում ասվում է. «Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայերը ադրբեջանցի Քերիմին գերի են տանում: Գյուղի բնակիչները որոշում են գերիների փոխանակում իրականացնելու համար Քերիմի կնոջը տալ հայ գերիի: Ժամանակի ընթացքում ադրբեջանական գյուղի բնակիչները հասկանում են, որ հայը նույնպես մարդկային որակներ ունի և նույն իրավիճակում է գտնվում, ինչ իրենք»:
Baku-art-ը նաև նշում է, որ այս ֆիլմը վերջին տարիներին դարձել է արտասահմանում ադրբեջանական ամենավաճառվող ֆիլմը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ նրա «Ճիչ» և «Հիշողություն» գործերը «բացահայտում են հայերի վայրենությունը, իսկ «Պատանդը» ֆիլմում փորձ է արվում որոշակիորեն մեղմացնել հակամարտությունը, մեղմացնել երկու ազգերի միջև թշնամական վերաբերմունքը», Գուլևը պատասխանել է, որ պատերազմ չի ցանկանում.
«Ես չեմ ցանկանում, որպեսզի այնտեղ զոհվեն երիտասարդ, գեղեցիկ ադրբեջանցի տղաներ: Ես չեմ ճանաչում այնպիսի ծնողների, որոնք պատերազմ են ուզում: Ես չեմ ցանկանում մայրական արցունքներ տեսնել: Ես չեմ ցանկանում տեսնել իրենց սիրեցյալներին պատերազմում կորցրած աղջիկների արցունքները: Ես չեմ ճանաչում մարդկանց, ովքեր նման բան են ցանկանում»:
Գուլիևը նաև նշել է, որ ֆիլմի վրա հենց ինքն է արգելք դրել և բացատրել է իր որոշումը երկրում կինոթատրոնների բացակայությամբ. «Մենք կինոթատրոններ չունենք: Աստված տա, որ կրկին սկսի գործել «Նիզամի» կինոթատրոնը, այնուհետև ևս մի քանիսը կվերաբացվեն: Այդ ժամանակ ես հավատում եմ, որ ֆիլմը կհանձնեն ժողովրդի դատին»: