Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի ուսանող Մեհման Հուսեյնովին մարտի 7-ին բերման են ենթարկել Բաքվի Նարիմանովի ոստիկանական բաժին:
Համաձայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական բյուրոյի տեղեկատվության` Մեհման Հուսեյնովն ասել է, որ ոստիկանական բաժանմունքում նրան հարցաքննել են Facebook սոցիալական ցանցում տեղադրված մարտի 11-ին կայանալիք «Մեծ մարդկանց օրն Ադրբեջանում» միջոցառման վերաբերյալ: Նշենք, որ այդ օրը միջոցառման կազմակերպիչները կոչ են անում հակակառավարական բողոքի ակցիա կազմակերպել:
Հուսեյնովը պատմել է, որ այսօր` մարտի 7-ին, ժամը 16:00-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մարդիկ հետևել են նրան, այնուհետև իր մեքենայից դուրս հանել և նստեցրել իրենց մեքենան՝ տանելով ոստիկանական բաժին:
«Նրանք խնդրեցին իմ հասցեն և հեռախոսահամարը և ինձ դուրս թողեցին», – ասել է Հուսեյնովը՝ հավելելով, որ ոստիկանության բաժին բերման ենթարկվելու վերաբերյալ իր հետագա գործողությունների մասին որոշում կկայացնի փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո:
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Օրղան Մանսուրզադան ռադիոկայանին փոխանցել է, որ «ոչ ոք ոստիկանատուն չի տարվել իր կարծիքը մամուլում հրապարակելու համար և որ ահաբեկելու մասին խոսակցությունները չափազանցված են»:
Նշենք, որ համաձայն ադրբեջանական բլոգերում բազմաթիվ հրապարակումների, վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում հատկապես ակտիվ անձանց հրավիրում են ոստիկանական բաժիններ և փորձում են ահաբեկել: Հիշեցնենք, որ մարտի 4-ին ոստիկանական բաժին են հրավիրել մարտի 11-ի միջոցառման կազմակերպիչներից մեկին՝ Բահտիյար Հաջիևին, ով 1 ասմվա նախնական ազատազրկման է դատապարտվել: