«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ռուսական «Գազպրոմ» ընկերությունում խիստ դժգոհ են Հայաստանում իրենց կատարած ներդրումների արդյունքներից: Պատճառը միայն գազի սպառման ծավալների անկմամբ չէ պայմանավորված:
«Գազպրոմում» հատկապես դժգոհ են իրենց պատկանող «Հրազդանի ՊՇԷԿ»-ի 5-րդ բլոկի գործունեության հեռանկարից: Խնդիրն այն է, որ «Գազպրոմը» հարյուրավոր միլիոնների ներդրում է արել 5-րդ բլոկում, և շուտով այն պետք է շահագործման հանձնվի: Բայց առայժմ հայտնի չէ, թե ով պետք է սպառի 5-րդ բլոկի արտադրած էլեկտրաէներգիան: 5-րդ բլոկն ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում կարտադրի մոտավորապես այնքան էլէներգիա, որքան արտադրում է ատոմակայանը: Արդեն այսօր Հայաստանում էլէներգիայի արտադրության ավելցուկ կա, բայց շոշափելի ծավալներ արտահանելու որևէ հնարավորություն գոնե առայժմ չկա: Այդ պարագայում 5-րդ բլոկը կամ պետք է ընդհանրապես չշահագործվի, կամ էլ աշխատի իր հզորությունների մի մասով: Այս երկու դեպքում էլ «Գազպրոմի» իրականացրած ներդրումների վերադարձը հնարավոր չէ: