Մարտի 5-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չէր ակնկալում, որ հնարավոր կլինի Ալիևից համաձայնագրի ստորագրման հասնել: «Ես սխալվեցի»,- չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում փաստել է փորձագետը: Սակայն, Իսկանդարյանը միաժամանակ կարծիք է հայտնել, որ պետք չէ նման հայտարարությունները գերագնահատել:
«Դրանք ոչ միայն չեն նշանակում հակամարտության լուծում, դրանք չեն նշանակում նաև որևէ լուրջ քայլ հակամարտության կարգավորման ուղղությամբ», – ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Հայտարարության մեջ քաղաքագետը երկու «հետաքրքիր կետ» է տեսնում: Նախևառաջ ռազմագերիների փոխանակումը, որոնք, ըստ Իսկանդարյանի, պաշտոնապես Հայաստանում չկան, և համապատասխանաբար, Ադրբեջանի նախագահը պարտավորվել է վերադարձնել իրենց երկրում պահվող հայ ռազմագերիներին: Երկրորդ հերթին, ոչ այդքան բացահայտ կերպով, բայց փաստացիորեն խոսվում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակության մասին, և «ոչ ակնհայտորեն, բայց երևում է, որ կողմերը պետք է փորձեն լուծել դիպուկահարների խնդիրները, և դա պետք է արվի ԵԱՀԿ միջնորդությամբ»:
«Պետք չէ գերագնահատել այս հանգամանքը, և այս հայտարարության գոյությունը բացարձակ չի նշանակում, թե դրանում ընդգրկված կետերը կյանքի կկոչվեն»,- նշել է քաղաքագետը, հավելելով, որ նման հայտարարություններ նախկինում էլ եղել են: