Home / Հայաստան / «Ժառանգությունը» գիտի ոստիկանության ագրեսիայի պատճառները

«Ժառանգությունը» գիտի ոստիկանության ագրեսիայի պատճառները

ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը տհաճ և անցանկալի երևույթ է համարում մարտի 3-ին Կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որում ներգրավված էին նաև «Ժառանգության» պատգամավորները:

«Կարծում եմ, որ այդ դեպքի հետ կապված մանրամասնությունները դեռ ճշտվում են, և համոզված եմ` ադեկվատ պատասխան կլինի: Սակայն չի բացառվում, որ ագրեսիան երկկողմ է եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հարությունյանը:

«Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը բացառել է ագրեսիայի երկկողմ լինելն ու հայտարարել, որ այսօր` ընդամենը մի քանի ժամից, իրենք դատախազություն դիմում են ներկայացնելու մարտի 3-ի դեպքերի քննության և մեղավորներին պատժելու պահանջով:

«Այս բոլոր դեպքերի հիմքում, այս ամենաթողության հիմքում ընկած է 2010 թվականին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտնի ասուլիսը, որտեղ նա ասաց, որ օրորոցում կխեղդվի ցանկացած հեղափոխական միտք անգամ»,- ասել է Սաֆարյանը:

Հարությունյանը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ նման բախումներ հրահրում է հենց «Ժառանգությունը»:

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են նման լոկալ բախումներ տեղի ունենում, երբ, օրինակ, ՀԱԿ-ի հանրահավաքն անցնում է առանց որևէ ինցիդենտի: հարյուր հազարավոր մարդիկ են լինում, բայց որևէ միջադեպ չի լինում: Իսկ «Ժառանգության» հետ կապված բախումներ են լինում: Միգուցե, սա շատ լավ կազմակերպված է, չգիտեմ, կարող ա դրսի ուժերի կողմից»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը, որին ի պատասխան Սաֆարյանը մանրամասն ներկայացրել է դեպքերի հաջորդականությունը:

«Ես չեմ հասկանում, թե ինչու է ոստիկանությունն այդպես կատաղում, երբ տեսնում է «Ժառանգության» պատգամավորներին, ինչպես ցուլը կտեսնի կարմիր մի որևէ բան»,- եզրափակել է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Կառավարության շենքի առջև բացօթյա առևտուր իրականացնող մարդկանց կազմակերպած ակցիայի ընթացքում ոստիկանները կոպտորեն հրում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին, Զարուհի Փոստանջյանին և Անահիտ Բախշյանին, ինչպես նաև ակցիայի մասնակիցներին: Ինչպես հաղորդել էր Epress.am-ի թղթակիցը դեպքի վայրից, ոստիկանները հարվածել էին պատգամավորներին, մասնավորապես, Զարուհի Փոստանջյանին և Արմեն Մարտիրոսյանին: