ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանն այսօր մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունն առ այն, որ հայկական զինված ուժերի կրակից մարտի 8-ին զոհվել է ադրբեջանցի երեխա:
«ԼՂՀ պաշտպանության բանակն արդեն հանդես է եկել այդ տեղեկատվության հերքմամբ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան փորձել փրկել սեփական երկրի դեմքը, որն ակնհայտորեն վտանգվել էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունեցած նախագահների հանդիպման նախօրեին ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինվորի սպանությունից հետո: Ադրբեջանական ապատեղեկատվության գրագիրները պետք է հասկանան, որ նման էժան քայլերը ոչ միայն համոզիչ չեն միջազգային հանրության համար, այլև ամոթալի են, քանի որ այս դեպքում շահարկվում է անչափահաս երեխայի կյանքը կամ հորինվում է ողբերգական զոհի չհաջողված կերպար», – հայտարարել է Կարապետյանը: