Եվրոպայի Խորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում սուր քննադատության է ենթարկել երկրում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը, արդարադատության ոլորտը և Թուրքիայում սահմանվող կալանավորման երկարատև ժամկետները:
Զեկույցը` որպես բանաձևի նախագիծ այսօր` մարտի 9-ին, կներկայացվի Եվրոպական Խորհրդարանի քննարկմանը: Զեկույցում նշվում է, որ ԶԼՄ-ների ազատությունը և ազատ կարծիքի արտահայտումը Թուրքիայում «գնալով վատթարանում է, ինչը մտահոգվելու առիթ է հանդիսանում»: Թուրքիայի կառավարությունը պետք է ընդունի ազատ խոսքի արտահայտման սկզբունքները և դադարեցնի գրաքննությունը, ասվում է զեկույցում:
Եվրոպայի Խորհրդարանին խիստ անհանգստացնում է նաև այն փաստը, որ թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորները այդպես էլ չեն բացահայտվել և չեն իրականացվել Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի որոշման պահանջները: Հիշեցնենք, որ, մասնավորապես, Եվրոպական դատարանը պահանջել էր ապահովել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության արդյունավետ ընթացքը` համակողմանի քննության ենթարկելով գործի ընթացքում հավաքվածբոլոր փաստաթղթերը: