Մարտի 25-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի: Ըստ ներկայացված հայցադիմումի` հայցվոր կողմը պահանջում է 3 միլիոն 568 հազար դրամ վնասի փոխհատուցում, որից 568 հազարը դատական գործընթացի ծախսերն են:
Epress.am-ի հետ զրույցում «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանը կարծիք է հայտնել, որ օրաթերթն իր բոլոր պարտավորությունները կատարել է, իսկ «Գրեյթ Վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանը պաշտոնական հերքում իրենց չի ուղարկել:
«Նրանք մեզ ուղարկել են մի նամակ, որտեղ նշված է, որ Բագրատյանն իրեն լակոտ չի անվանել»,- նշել է մեր զրուցակիցը: Նշենք, որ խնդրո առարկա նյութում նշված է եղել, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն Արզաքանցյանին «լակոտ է» անվանել, այնինչ ԱԺ պատգամավորի օրաթերթին ուղարկած նակամում Հրանտ Բագրատյանը հերքում է այդ փաստը: Բագրատ Եսայանի խոսքով` իրենք այդ հերքում տպագրել են:
Խմբագիրը հույս է հայտնել, որ դատարանը անկողմանակալ վերաբերմունք կցուցաբերի.
«Հուսով ենք, այս անգամ էլ հերթական օլիգարխի ներկայացրած հայցը չի բավարարվի»:
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Երկիր» օրաթերթի` նշելով, թե այն արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը` «Երկիրի» հունվարի 13-ի համարում «131 դեմք ու դիմակ» շարքում տպագրված իր մասին հոդվածով: Նշենք, որ տվյալ շարքում «Երկիր» օրաթերթը սովորաբար անդրադարձ է կատարում ԱԺ պատգամավորներին` ներկայացնելով նրանց գործունեությանն ու անցած ճանապարհին վերաբերող փաստեր: