Հավաքների ազատությունը մարդու հիմնարար ազատություններից մեկն է: Հայաստանը պարտավորություն է ստանձնել հարգելու այդ ազատությունը, թե’ միջազգային իրավական փաստաթղթերում, թե’ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում: Այս մասին ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավար Յանեշ Լենարչիչը` արձագանքելով Epress.am-ի խնդրանքին կարծիք հայտնել, թե ինչու են Հայաստանի իշխանություններն արգելում ընդդիմությանն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել:
«Բայց ես մի բան նկատեմ. հավաքների ազատությունը ենթադրում է խաղաղ հավաքների ազատություն: Ես չգիտեմ, թե ինչ պատճառներով են ՀՀ իշխանություններն արգելում Հայ Ազգային Կոնգրեսին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Բայց ես գիտեմ, որոնք են միջազգային կանոնները: Միջազգային կանոնները ենթադրում են, որ խաղաղ հավաքները պետք է թույլատրվեն, կրկնում եմ` պետք է թույլատրվեն: Սահմանափակումներ հնարավոր են, բայց դրանք կարող են ուժի մեջ մտնել, եթե դրանք բացարձակապես անհրաժեշտ են, և դրանք կարող են կիրառվել միայն համաձայն օրենքի: Այժմ Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն` եթե սահմանափակումներ են կիրառվում, ինչո՞ւ են դրանք կիրառվում: Ես չգիտեմ պատճառները», – ասել է Լենարչիչը: